ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Ս․ թ․ սեպտեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ այցելեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ինստիտուտի  բարեկամ Ն․ Գ․ Նիլակշի Սահա Սինհան։ Այցի նպատակն էր Արևելագիտության ինստիտուտի գրադարանին նվիրել Հնդկաստանի պատմությանը, արտաքին հարաբերություններին, պետականաշինությանը և մշակույթին վերաբերող շուրջ 40 անուն արժեքավոր գիրք, այդ թվում՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և արտգործնախարար Սուբրամանյամ  Ջայշանկարի աշխատությունները։ Տիկին դեսպանը ընդհանուր գծերով ներկայացրեց գրքերի կարևորությունը՝ նշելով, որ դրանցում անդրադրաձ կա Հնդկաստանի զարգացման առանձնահատկություններին, ինչպես նաև ներկա աշխարհում Հնդկաստանի դերակատարությանը։ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը շնորհակալություն հայտնեց գրքերի նվիրաբերության և առհասարակ Ինստիտուտի ու հնդկական կողմի հետ համագործակցության խորացման հարցում դեսպան Սինհայի ցուցաբերած անգնահատելի աջակցության համար։ Կողմերը հույս հայտնեցին, որ մասնագիտական փորձի փոխանակումները կխթանեն Հայաստանում Հնդկաստանի վերաբերյալ ուսումնասիրությունները, կնպաստեն երկողմ գիտական կապերի, երկու ժողովուրդների փոխգործակցության և ճանաչողության ընդլայնմանը։ Մտքեր փոխանակվեցին հնդկական և հայկական աղբյուրների հասանելիության, Հայաստանում Հնդկաստանի վերաբերյալ գիտական կադրերի պատրաստման, ինչպես նաև առաջիկա ծրագրերի շուրջ։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Մանորանջան Սահուն, ԱԻ գիտական քարտուղար Ե․ Հարությունյանը, Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Ա․ Փաշայանը, բաժնի ավագ լաբորանտ Ք․ Սարգսյանը, հայցորդ Գ․ Սահակյանը, գրադարանավար Ս․ Իսրայելյանը։