ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում ընդունել են հալեպահայ ակնաբույժ, թարգմանիչ և հասարակական գործիչ Ալեքսանդր Քեշիշյանին։
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Գոհար Իսկանդարյանը հանդիպել է հալեպահայ ակնաբույժ, թարգմանիչ և հասարակական գործիչ Արևելագիտության ինստիտուտի բարեկամ Ալեքսանդր Քեշիշյանի հետ։ Հանդիպման ընթացքում Գ․ Իսկանդարյանը բարձր է գնահատել Ալեքսանդր Քեշիշյանի ներդրումը հայ-արաբական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում, որն արտահայտվել է հայերենից արաբերեն և արաբերենից հայերեն ամենատարբեր ոլորտներում վերջինիս կատարած թարգմանություններով: Ալեքսանդր Քեշիշյանն արաբերեն է թարգմանել ավելի քան 80 գիրք՝ հայերենից, անգլերենից, ռուսերենից և թուրքերենից։ Թարգմանությունները վերաբերում են Հայ դատին, Հայոց Ցեղասպանությանը, հայոց պատմությանը, եկեղեցուն, հայ-արաբական պատմական և պատմամշակութային կապերին, այդ թվում՝ հայկական թատրոնին, մամուլին, արհեստներին, նաև միջազգային հարաբերություններին։ Թարգմանված գրքերի շարքին են պատկանում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողներ Լիլիթ Հարությունյանի, Արաքս Փաշայանի, Արմանուշ Կոզմոյանի, Գոռ Գևորգյանի, Աղավնի Հարությունյանի աշխատանքները, ինչպես նաև «Հարակից Երկրներ» եռահատորը։
Զրույցի ընթացքում պարոն Քեշիշյանը նշեց, որ մշտապես ապրելով մուսուլման արաբների միջավայրում՝ իր կյանքի գլխավոր առաքելությունն է համարել Հայաստանի և հայ ժողովրդի մասին արաբական հանրությանը պատմելը, հայկական մշակույթն ու պատմությունը հասանելի դարձնելը։ Այդ նպատակով նա բազմաթիվ գրքեր է թարգմանել և նվիրել դրանք արաբ և օտար գրողների, պատմաբանների, համալսարանների դասախոսների, դիվանագետների, բարձրաստիճան զինվորականների, նախարարների, հասարակական ու պետական գործիչների։
Գոհար Իսկանդարյանը շնորհակալություն հայտնեց Ալեքսանդր Քեշիշյանին Արևելագիտության ինստիտուտի հետ մշտական համագործակցության, ինչպես նաև՝ մշակութային կամրջաշինության համար՝ ընդգծելով, որ վերջինիս գործունեությունը մեծապես նպաստել է արաբական աշխարհում հայ մշակույթի և պատմության հանրահռչակմանը և օգնել զարգացնելու հայ-արաբական հանրային դիվանագիտությունը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ապագա անելիքների մասին:
Հանդիպմանը մասնակցում էին Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, և Արևելագիտության ինստիտուտի Հին Արևելքի բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Արամ Քոսյանը։