ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

2025 թ. հոկտեմբերի 30-ին Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Մոնիկա Սիմոնյանին:

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը շնորհակալություն հայտնեց այցի համար և նշեց, որ ինստիտուտը հետամուտ է Ճապոնիայի հետ թե՛ գիտական համագործակցության հաստատմանը, թե՛ գիտական դիվանագիտության զարգացմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Ճապոնիայի միջև գիտական համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև դրանց գործադրման մեխանիզմները։ Գ. Իսկանդարյանը ներկայացրեց նաև մինչ այս պահը Ինստիտուտի համագործակցությունը ճապոնական կողմի հետ` նշելով Ճապոնիայի դեսպանության հետ ունեցած սերտ համագործակցությունը։

Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը առանձնացրեց այն դժվարությունները, որոնք իրականում գոյություն ունեն փոխգործակցության ճանապարհին։

 Ինստիտուտի գիտական քարտուղար, ճապոնագետ Եվա Հարությունյանը դեսպան Սիմոնյանին նվիրեց մի քանի գիտական աշխատություններ, այդ թվում՝ իր «Ճապոնիայի քաղաքականությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Ծոցի Համագործակցության Խորհուրդը /1981-2011թթ./» մենագրությունը, նաև մանրամասներ ներկայացրեց Ճապոնիայում տարիներ առաջ իր կատարած հետազոտական աշխատանքի և իր փորձառության մասին։

 Դեսպան Մոնիկա Սիմոնյանը բարձր գնահատեց Արևելագիտության ինստիտուտի գործունեությունը՝ նշելով, որ հայ-ճապոնական գիտական համագործակցության զարգացումը կարևոր նշանակություն կարող է ունենալ երկկողմ հարաբերությունների խորացման տեսանկյունից, սակայն ընդգծեց, որ դա անքակտելիորեն կապված է հայ֊-ճապոնական հարաբերությունների համակողմանի ու համապարփակ զարգացման հեռանկարի հետ։ Դեսպանը նաև անդրադարձավ Հայաստան-֊Ճապոնիա դիվանագիտական և երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքին։ Մտքեր փոխանակվեցին Ճապոնիայում Հայաստանի և Հայաստանում Ճապոնիայի մասին ընկալումների վերաբերյալ: