
2025 թվականի նոյեմբերի 4-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Օրբելի ֆորում 2025» միջազգային համաժողովի երկրորդ պանելային քննարկման մոդերատորը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանն էր։
Քննարկման թեման էր «Միջտարածաշրջանային համագործակցության հեռանկարները», որը նպատակ ուներ վերհանել Ասիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի միջև տնտեսական և հաղորդակցական կապերի զարգացման հնարավորությունները՝ Հարավային Կովկասի կամրջող միջտարածաշրջանային դերի համատեքստում։
Քննարկման առանցքային ուղղությունները վերաբերում էին
- տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացմանը,
- նոր հաղորդակցական և տրանսպորտային ուղիների զարգացման հեռանկարներին,
- ինչպես նաև Հարավային Կովկասի միջնորդական ռազմավարական դերի գնահատմանը։
Քննարկմանը մասնակցեցին․
Սերգեյ Մինասյան (Հայաստան)
Հարշիթ Շարման (Հնդկաստան)
Արմինա Արմ (Իրան)
Աբդուլազիզ Ալշեհի (Արաբական Միացյալ Էմիրություններ)
Նշենք, որ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի համագործակցությունը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ սկիզբ է առել 2025 թ․ փետրվարի 17-ին ստորագրված համագործակցության հուշագրով, որը հիմք է դրել կողմերի միջև գիտական, վերլուծական և փորձագիտական փոխգործակցության զարգացմանը։
Համաժողովի շրջանակներում Արևելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը ինստիտուտի անունից մասնավոր հանդիպում ունեցավ Ֆորումի բանախոս՝ ԱՄԷ-ի հեղինակավոր TRENDS Research and Advisory վերլուծական կենտրոնի գիտական գծով փոխնախագահ, միջազգային հարաբերությունների մասնագետ Աբդուլազիզ Ալշեհիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արևելագիտության ինստիտուտի և TRENDS կենտրոնի միջև հնարավոր համագործակցության ձևաչափերը, ինչպես նաև Հայաստան–Արաբական Միացյալ Էմիրություններ գիտական և դիվանագիտական հարաբերությունների զարգացման հեռանկար։


