
2025 թ. նոյեմբերի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան նշեց իր հիմնադրման 82-րդ տարեդարձը, որը անցկացվեց «Հանուն խաղաղության և զարգացման» խորագրի ներքո՝ համընկնելով Գիտության միջազգային օրվա հետ։
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ ԳԱԱ 2025 թ․ մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը՝ 2024թ․ կատարած լավագույն գիտահետազոտական աշխատանքների համար։ Հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում մրցանակը շնորհվեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատողներ՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Քոսյանին և պատմական գիտությունների դոկտոր Երվանդ Գրեկյանին՝ ՛՛Հայկական լեռնաշխարհի միջավայրային պատմությունը. շրջակա միջավայր, կլիմայական փոփոխություններ և քաղաքակրթական գործընթացներ՛՛ աշխատության համար։
Աշխատությունը միջգիտակարգային ուսումնասիրություն է, որը ներկայացնում է Հայկական լեռնաշխարհի հնագույն պատմության իրողությունները երկրագնդի հետսառցակալման շրջանի կլիմայական պատմության լայն համատեքստում։ Այն նոր ուղղություն է հայագիտության ասպարեզում և կարող է լայն հեռանկարներ բացել հայոց պատմության գիտական վերանայման ոլորտում։
Արևելագիտության ինստիտուտը շնորհավորում է գործընկեր գիտնականներին այս նշանակալի հաջողության առթիվ և մաղթում նոր գիտական ձեռքբերումներ՝ ի նպաստ հայկական և համաշխարհային գիտության զարգացման։


