
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը շարունակական համագործակցություն է զարգացնում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ, որի տրամաբանական շարունակությունն էր արդեն երրորդ համատեղ միջազգային աշխատաժողովը՝ «Հարավային Կովկաս 2025» խորագրով։ Միջոցառումը տեղի ունեցավ 2025 թ. նոյեմբերի 14-ին՝ Արևելագիտության ինստիտուտի դահլիճում՝ միավորելով ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի, Օրբելի վերլուծական կենտրոնի և Կովկասյան ինստիտուտի հետազոտողներին։
Աշխատաժողովի բացման խոսքով հանդես եկավ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը՝ ընդգծելով նման ձևաչափի գիտական քննարկումների կարևորությունը, որոնց շրջանակում ինստիտուտի առաջատար հետազոտողները ներկայացնում են տարիների գիտական աշխատանքի արդյունքները։ Տնօրենը նաև գոհունակություն հայտնեց, որ արդյունավետորեն կիրարկվում են Ինստիտուտի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի, ինչպես նաև Կովկասյան ինստիտուտի միջև կնքված համագործակցության հուշագրերը։
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Երևանի գրասենյակի ղեկավար Նաիրա Գևորգյանը կարևորեց Արևելագիտության ինստիտուտի հետ համագործակցության շարունակականությունն ու խորացումը՝ շեշտելով արդի միջազգային և տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ գիտական քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը։
Աշխատաժողովի մոդերատոր Արմեն Պետրոսյանը (ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն») նշեց, որ 2025 թ. Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դինամիկայի վերլուծությունը կարևոր է հասկանալու նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրի բովանդակությունն ու դրա հնարավոր ազդեցությունները՝ ընդգծելով ոլորտի առաջատար մասնագետների ներգրավման նշանակությունը։
Առաջին նիստում հանդես եկան Թուրքիայի բաժնի վարիչ Լևոն Հովսեփյանը, գիտաշխատող Տաթևիկ Մանուկյանը և Իրանի բաժնի ավագ գիտաշխատող Արտյոմ Տոնոյանը։ Նրանք ներկայացրեցին Ադրբեջանի և Թուրքիայի ներքին ու արտաքին դիսկուրսը՝ կապված Հայաստանի հետ խաղաղության գործընթացի, ինչպես նաև այս համատեքստում պաշտոնական և հասարակական պատկերացումների առանձնահատկությունների հետ։
Երկրորդ նիստում ելույթներով հանդես եկան Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը և Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող Նազելի Նավասարդյանը։ Նրանց զեկույցները վերաբերում էին Վրաստանի արտաքին քաղաքականության բալանսավորման միտումներին, Հայաստան–Վրաստան հարաբերությունների դինամիկային, Վրաստան–ԵՄ և Վրաստան–ԱՄՆ հարաբերությունների բարդ հարցերին, ինչպես նաև Վրաստանի ազգային տեսլականի ու հասարակական ընկալումների հիմնական նարատիվներին։
Երրորդ նիստում Արաքս Փաշայանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում տեղի ունեցող առանցքային գործընթացները՝ հատկապես անդրադառնալով ինքնության ու քաղաքականության փոխազդեցությանը և խաղաղության վերաբերյալ պաշտոնական մոտեցումներին։ Թբիլիսիից հրավիրված միջազգային անվտանգության հարցերի մասնագետ Դավիթ Բրագվաձեն խոսեց Վրաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների վերափոխման և Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների գնահատման մասին՝ ներկայացնելով թեման Թբիլիսիի դիտանկյունից։
Նիստերի ավարտին տեղի ունեցան բովանդակային քննարկումներ, հարցուպատասխան և աշխատաժողովի ընդհանուր ամփոփում։ Միջոցառմանը մասնակցում էին պետական կառույցների, վերլուծական կենտրոնների, Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչներ, սկսնակ հետազոտողներ, ինչպես նաև Ինստիտուտում պրակտիկա իրականացնող ուսանողներ։
Աշխատաժողովի ծրագրային դրույթների մշակումը և միջոցառման կազմակերպումը իրականացվել են Արևելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանի ջանքերով։


