
Ս.թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան տիկին Ամալ Աֆիֆիին և հյուպատոս Թամեր Ղալիին։ Այցը նվիրված էր երկկողմ գիտական համագործակցության ամրապնդմանն ու նոր նախաձեռնությունների քննարկմանը։
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին այցի համար՝ շեշտելով, որ Արևելագիտության ինստիտուտը հետևողական է Եգիպտոսի հետ հաստատված երկարամյա գործընկերության զարգացման և դրան նոր լիցքեր հաղորդելու գործում։
Տիկին դեսպանն ընդգծեց, որ բարձր է գնահատում Արևելագիտության ինստիտուտի հետ ձևավորված համագործակցությունը և տեսնում է դրա շարունակման ու զարգացման լայն հնարավորություններ։ Նա պատրաստակամություն հայտնեց աջակցելու նոր գիտահետազոտական նախաձեռնությունների իրականացմանը՝ շեշտելով, որ ինստիտուտների միջև կապերի ամրապնդումը նպաստում է տարածաշրջանային հետազոտությունների խորացմանը և գիտակրթական համագործակցության ընդլայնմանը։
Քննարկման ընթացքում Արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը ներկայացրեց ինստիտուտի և Եգիպտոսի գիտահետազոտական հաստատությունների միջև ձևավորված երկարամյա համագործակցության հիմնական ոլորտները։ Նա ընդգծեց, որ Արևելագիտության ինստիտուտը տարիներ շարունակ արդյունավետ փոխգործակցություն է զարգացրել Եգիպտոսի մի շարք առաջատար կենտրոնների հետ, որոնցից հատուկ նշանակություն ունի Եգիպտոսի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հետ ստորագրված համագործակցության հուշագիրը։ Այդ շրջանակում կազմակերպվել են համատեղ միջազգային գիտաժողովներ: Միաժամանակ, անդրադարձ կատարվեց գործող համագործակցությունների ներկայիս շրջանակին, ինչպես նաև այն նոր հնարավորություններին, որոնք կարող են հիմք ծառայել հավելյալ գիտական նախագծերի իրականացման և Եգիպտոսի հետազոտական կառույցների հետ փոխգործակցության խորացման համար։
Քննարկվեցին նաև համագործակցության նոր հնարավորություններ, համատեղ հետազոտական նախաձեռնությունների ընդլայնման ուղիներ, ինչպես նաև տարածաշրջանային կարևոր հարցերի շուրջ գիտական փոխանակումների խորացման տեսլականը։
Արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխատող Գոռ Գևորգյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Արաբական երկրների բաժնում իրականացվող «Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրների անվտանգային խնդիրները տարածաշրջանային հակամարտությունների համատեքստում ծրագիրը» (ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ)։ Նա ընդգծեց, որ տարածաշրջանային հակամարտությունների համատեքստում այս հետազոտությունն ունի բարձր կիրառական արժեք և զարգացման լայն հնարավորություններ և նշեց, որ ծրագրի շրջանակներում նպատակահարմար է խորացնել համագործակցությունը Եգիպտոսի գիտահետազոտական կենտրոնների հետ, ինչը կարող է դառնալ համատեղ վերլուծական աշխատանքների ու հետազոտական արդյունքների նոր հարթակ։
Հանդիպումն ընդգծեց, որ Արևելագիտության ինստիտուտի և Եգիպտոսի գործընկեր հաստատությունների միջև ձևավորված երկարամյա համագործակցությունը ունի ինստիտուցիոնալ և ռազմավարական արժեք։ Կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունը շարունակելու համատեղ հետազոտական աշխատանքները, խթանելու գիտական փոխանակումները և կյանքի կոչելու նոր ծրագրեր, որոնք կնպաստեն գիտական երկխոսության և փոխադարձ համագործակցության զորացմանը։


