
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Լևոն Հովսեփյանը և Իրանի բաժնի ավագ գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ Արտյոմ Տոնոյանը Շվեյցարիայի Ֆրիբուրգի համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Անսգար Յոդիշի հրավերով ս/թ դեկտեմբերի 2-4-ը դասախոսություններ են կարդացել Ֆրիբուրգի համալսարանում, մասնակցել աշխատաժողովի։ Լ. Հովսեփյանի դասախոսությունը վերաբերում էր Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության համալիրում թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցության ազդեցությանն ու դերին, Ադրբեջանի ուժային համակարգում թուրքական ազդեցության մեծացմանն ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։ Ա. Տոնոյանի դասախոսությունը նվիրված էր ժամանակակից իրանա-ադրբեջանական հարաբերություններում մշակութային ժառանգության խնդիրներին, իրանական նյութական ու հոգևոր մշակութային շերտերի «ադրբեջանականացման» միտումներին։ Բանախոսները որպես հիմնական զեկուցող մասնակցել են նաև «Կրոնի և մշակույթի գործոնայնությունը ներքին և արտաքին քաղաքականության մեջ» խորագրով աշխատաժողովին, որի ժամանակ հանդես են եկել ժամանակակից Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ իսլամի դերին և հետպատերազմական շրջանում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի քարոզչական քաղաքականության մեջ «մշակութային ժառանգության» կոնցեպտին վերաբերող զեկուցումներով։ Աշխատաժողովում քննարկվել են Ադրբեջանի ազգակերտմանը, հիշողության քաղաքականությանը, ինքնությանն ու իռեդենտիստական պատումներին առնչվող հարցեր։ Գործուղման ընթացքում քննարկվել և նախանշվել են գիտական համագործակցության հետագա քայլերը և համագործակցության շրջանակները։
Գործուղումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Գիտական ստորաբաժանումների ամրապնդման ծրագիր-2024» ծրագրի՝ «24LCG-6A016» ծածկագրով դրամաշնորհի շրջանակներում։


