
2026 թվականի փետրվարի 19-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում՝ ՀՀ ԳԱԱ Միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչություն Միջազգային դրամաշնորհների աջակցության պատասխանատու Տիգրան Արզումանյանի մասնակցությամբ։
Հանդիպման նպատակն էր ինստիտուտի գիտաշխատողներին ներկայացնել միջազգային դրամաշնորհային ծրագրերի արդի հնարավորությունները, եվրոպական գիտական ծրագրերի ֆինանսավորման գործիքները և դիմելու ընթացակարգային առանձնահատկությունները։ Քննարկվեցին ինչպես ընթացիկ, այնպես էլ առաջիկա մրցույթները, առանձնակի ուշադրություն դարձվեց միջազգային գործընկերների ներգրավման մեխանիզմներին։
Տիգրան Արզումանյանը ներկայացրեց Գիտական և նորարարական գործընկերության աջակցության կենտրոնի (SIPAC) գործունեությունը, որը Հայաստանում գործում է որպես «Horizon Europe» ծրագրի գրասենյակ։ Կենտրոնի հիմնական ուղղություններն են՝ աջակցել հայկական գիտական հաստատությունների և հետազոտողների մասնակցությանը միջազգային դրամաշնորհային ծրագրերին, ինչպես նաև օժանդակել եվրոպական գործընկերների հետ համագործակցության ձևավորման գործընթացը։
Հանդիպման առանցքային թեմաներից էր նաև «COST Action» ծրագիրը, որի շրջանակում Արևելագիտության ինստիտուտն արդեն իսկ ունի համագործակցության փորձ։ Ծրագրի շրջանակում ինստիտուտի գիտաշխատողները ներգրավվել են միջազգային հետազոտական ցանցերում։
Հանդիպումը կարևոր քայլ էր ՀՀ ԳԱԱ համակարգում գործող գիտական կառույցների միջազգային ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալ գործնական խորհրդատվություն և հստակեցնել իրենց նախագծային գաղափարների զարգացման հեռանկարները։


