
Ծրագրի շրջանակում ինստիտուտի գրադարանը համալրվել է Ճապոնիային վերաբերող 137 մասնագիտական գրքով։ Գրքերը տրամադրվել են READ JAPAN PROJECT միջազգային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Tokyo Foundation for Policy Research կազմակերպության կողմից՝ The Nippon Foundation հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է աշխարհի տարբեր գիտակրթական կենտրոններում խթանել Ճապոնիայի վերաբերյալ գիտելիքի տարածումը և նպաստել ճապոնագիտության զարգացմանը։
Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Յուտակա Աոկին։ Միջոցառմանը առցանց միացել էր նաև Ճապոնիայում ՀՀ–ի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մոնիկա Սիմոնյանը։ Դեսպաններն իրենց շնորհավորական ուղերձները հղեցին միջոցառման կապակցությամբ՝ կարևորելով հայ-ճապոնական գիտակրթական համագործակցության զարգացումն ու նման նախաձեռնությունների նշանակությունը։
Ուղերձներով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Գոհար Իսկանդարյանը և ինստիտուտի ավագ գիտաշխատող, ճապոնագետ, պ.գ.թ. Եվա Հարությունյանը՝ կարևորելով ծրագրի նշանակությունը Ճապոնագիտության զարգացման, գիտական համագործակցության ընդլայնման և Ճապոնիայի վերաբերյալ գիտելիքի տարածման տեսանկյունից։
Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև գրքերի հանձնման և ընդունման խորհրդանշական արարողությունը։ Ի նշան երախտագիտության՝ ինստիտուտի տնօրենը Հայաստանում Ճապոնիայի դեսպանին հանձնեց շնորհակալագիր՝ ինստիտուտի հետ արդյունավետ համագործակցության և READ JAPAN ծրագրի շրջանակում ցուցաբերված աջակցության համար։
Նվիրաբերված գրականությունը կարևոր ներդրում է Արևելագիտության ինստիտուտում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների զարգացման, Ճապոնագիտության ուղղությամբ իրականացվող ուսումնասիրությունների խորացման, ինչպես նաև երիտասարդ հետազոտողների և ուսանողների մասնագիտական կարողությունների ընդլայնման համար։


