ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի կրտսեր գիտաշխատող Հրաչուհի Թուրվանդյանը ս․թ․ մարտի 11–12-ը մասնակցել է Բելգիայի Ֆլամանդական խորհրդարանում COST ACTION «PEACE» եվրոպական գիտական համայնքի շրջանակներում կազմակերպված «Տեղական խաղաղության իմաստը տարբեր համատեքստերում» աշխատաժողովին։ Աշխատաժողովը կայացել է Ֆլամանդական խաղաղության ինստիտուտի հովանու ներքո։

Աշխատաժողովին մասնակցել են եվրոպական տարբեր երկրների հետազոտողներ՝ քննարկելով տեղական խաղաղության, կառավարման և հակամարտությունների կարգավորման հարցերը տարբեր աշխարհաքաղաքական համատեքստերում։

Հրաչուհի Թուրվանդյանը հանդես է եկել «Տեղական կառավարումը Պաղեստինում. համայնքային համախմբվածությունը արտաքին ճնշման պայմաններում» զեկուցմամբ։ Զեկուցումը վերաբերում էր պաղեստինյան տեղական կառավարման կառուցվածքների վերլուծությանը՝ հիբրիդային քաղաքական կարգի տեսության շրջանակներում։ Ներկայացվել է, թե ինչպես են պաղեստինյան համայնքները պահպանում ներքին համախմբվածությունն ու կառավարման մեխանիզմները պետական ինստիտուտների թուլության, արտաքին օգնությունից կախվածության և քաղաքական մասնատվածության պայմաններում։