ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հիմնական գիտական ուղղություններն են՝
- Հին, միջնադարյան և նոր շրջանի արևելյան աղբյուրները Հայաստանի և հայերի մասին,
- Թուրքիայի, Իրանի, Կովկասի և Մաշրիքի արաբական երկրների քաղաքական, սոցիալական, մշակութային և էթնիկական պատմության հիմնախնդիրները և Հայաստանը,
- Միջազգային հարաբերությունները Մերձավոր և Միջին Արևելքում, Արևելյան Ասիայում, Հարավային Կովկասում և Հայաստանի Հանրապետությունը»։
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտն ուսումնասիրում է Մերձավոր և Միջին Արևելքի, Կովկասի, Արևելյան Ասիայի երկրների ու ժողովուրդների պատմությունը, սոցիալ-քաղաքական, միջազգային և տարածաշրջանային հարաբերությունները, մշակույթը, կրոնը, ազգային փոքրամասնությունների և էթնիկական խմբերի խնդիրները և այլն, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Աշխարհագրական առումով նման ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Մերձավոր և Միջին Արևելքը և Կովկասը Հայաստանի անմիջական հարևան տարածաշրջանն է, Հայաստանի հին և նոր պատմությունը սերտորեն առնչվում է տեղաբնիկ և եկվոր ժողովուրդների պատմությանը:
Ինստիտուտում այժմ գործում են Հին Արևելքի, Քրիստոնյա Արևելքի, Արաբական երկրների, Թուրքիայի, Իրանի, Միջազգային հարաբերությունների և Արևելյան աղբյուրագիտության և պատմագրության բաժինները:
Հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները՝ Ինստիտուտում վերջին տարիներին ձևավորվել են նոր գիտական ենթաուղղություններ, մասնավորապես՝ Հնդկաստանի, Աֆղանստանի և Իսրայելի ժամանակակից պատմության ուսումնասիրման ուղղությամբ։
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտն ակտիվորեն ներգրավված է գիտակիրառական գործունեության իրականացման մեջ, որի գլխավոր նպատակն է դիվանագիտական և գիտական շրջանակների ներգրավմամբ ձևավորել գիտական և հանրային դիվանագիտության հարթակներ Ինստիտուտի հովանու ներքո: Այդ հարթակներում ՀՀ-ում հավատարմագրված արաբական, ասիական տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչները (դեսպաններ, այլ դիվանագետներ), տարբեր տարիներին արաբական, ասիական երկրներում դիվանագիտական ծառայություն իրականացրած ՀՀ դիվանագետները, ակադեմիական գիտական հետազոտողները, ՀՀ տարբեր գերատեսչությունների աշխատակիցները (ԱԳՆ, ՊՆ, ԱԱԾ, Անվտանգության խորհուրդ և այլն) և այլն, համատեղ քննարկում են տարածաշրջանային արդի հիմնահարցերը, դրանց ազդեցությունը Հարավային Կովկասում՝ մասնավորապես ՀՀ-ի և Արցախի Հանրապետության անվտանգային հիմնախնդիրների տեսանկյունից, արաբական երկրներ - ՀՀ երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման հեռանկարները, արաբական մի շարք երկրներում հայ համայնքների արդի հիմնախնդիրները, ասիական երկրներ - ՀՀ գիտական համագործակցության հնարավոր հեռանկարները և այլն:
Ինստիտուտի գիտաշխատողներն ակտիվորեն ներգրավված են ՀՀ արտաքին քաղաքականության շուրջ ծավալվող խոսույթում՝ հայաստանյան և արտասահմանյան հեղինակավոր ԶԼՄ-ներին տրված փորձագիտական հարցազրույցների ընթացքում ներկայացնելով իրենց գիտական պրպտումների արդյունքները, հանդես են գալիս մի շարք գիտահանրամատչելի դասախոսությունների շարքով, որոնք ձայնասփռվում են ինչպես ռադիոյով, այնպես էլ հասանելի համացանցային տիրույթում՝ տեսաձայնագրության տարբերակով:
Կիրառական նշանակություն ունեցող կարևոր ձեռքբերումներից է նաև դպրոցական և բուհական դասագրքերի հրատարակումը Ինստիտուտի աշխատակիցների կողմից:
Որպես ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի արժեքավոր գիտական ձեռքբերում կարելի է նշել նաև «Բանբեր Արևելագիտության ինստիտուտի» (Bulletin of the Institute of Oriental Studies) պարբերականը, որը լույս է տեսնում տարեկան երկու անգամ անգլերեն լեզվով: Մատենաշարը հրատարակվում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում 1960 թ.-ից «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» անվամբ: 2021 թ. պարբերականը վերանվանվել է «Բանբեր Արևելագիտության ինստիտուտի» (ԲԱԻ): Ինստիտուտում է հրատարակվում նաև «Ժամանակակից Եվրասիա» անգլալեզու պարբերականը։ Ինստիտուտում հրատարակվում են նաև «Արևելյան Աղբյուրագիտություն», «Արևելաասիական ուսումնասիրություններ», «Արևելագիտությունը Հայաստանում» ժողովածուները։
Երիտասարդների խրախուսման գործում մեծ ավանդ ունի Ինստիտուտում գործող Երիտասարդ արևելագետների խորհուրդը, որն ամեն տարի կազմակերպում է գիտաժողով՝ համախմբելով արևելագիտության ոլորտում իրենց առաջին քայլերն անող երիտասարդներին: Գիտաժողովների նյութերը հրատարակվում են «Մերձավոր Արևելք. պատմություն, քաղաքականություն, մշակույթ» հոդվածների ժողովածուում։
Ինստիտուտում գործում են «Համաշխարհային պատմություն» (Համաշխարհային պատմություն է.00.02) և «Արևելյան աղբյուրագիտություն» (Պատմագրություն, աղբյուրագիտություն Է.00.05) մասնագիտական խորհուրդները, որտեղ իրականացվում են թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանություններ։
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը լայն կապեր ունի արտասահմանյան բազմաթիվ հեղինակավոր գիտական և գիտակրթական կենտրոնների հետ, ինչպիսին են՝ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը, Կ․ Կեկելիձեի անվան Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնը, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը, Ռազմավարական հետազոտությունների Ռուսաստանյան ինստիտուտը, Ե.Մ. Պրիմակովի անվան Ռուսաստանյան գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների Ազգային հետազոտական ինստիտուտը, Ռուսաստանյան գիտությունների ակադեմիայի Հեռավորարևելյան ինստիտուտը, Ռուսաստանի Կուբանի պետական համալսարանը, Պսկովի պետական համալսարանը, ՌԴ Դաղստանի դաշնային հետազոտությունների Պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Չինաստանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտը, Չինաստանի Արդի Միջազգային հարաբերությունների ակադեմիան, Չինաստանի հասարակագիտության ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտը, Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտիսի անվան համալսարանի Լեզվի, Գրականության և մշակույթի ֆակուլտետը, Հունաստանի սոցիալական և քաղաքական ուսումնասիրությունների Պանթեոն համալսարանը, հնդկական «Վիվեկանանդա» հիմնադրամը, Մերձավոր Արևելքի միջնադարագիտության, նորագույն շրջանի և արաբագիտության ֆրանսիական ինստիտուտը, Սիրիայի Դամասկոսի արաբական ուսումնասիրությունների ֆրանսիական ինստիտուտը, Եգիպտոսի Այն Շամս համալսարանի իգական ֆակուլտետ պատմության բաժինը, Լեհաստանի Ժեշովի համալսարանի պատմության ինստիտուտը, Մ. Աուեզովի անվան Հարավղազախստանյան պետական համալսարանը, Մոնղոլիայի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտը, և այլն։
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և արտասահմանյան գիտական կենտրոնների միջև պարբերաբար տեղի է ունենում մասնագետների, գրականության և ինֆորմացիայի փոխանակություն, կազմակերպվում են դասախոսություններ, տեղի է ունենում կադրերի պատրաստում, ատենախոսությունների պաշտպանություններ և այլն:
Ինստիտուտի աշխատակիցներն ակտիվորեն մասնակցում են միջազգային գիտաժողովների (Ամստերդամ, Լեյդեն, Հայդելբերգ, Ֆրանկֆուրտ, Փարիզ, Լոնդոն, Նյու-Յորք, Բեռլին, Մյունստեր, Թեհրան, Բեյրութ, Բաղդադ, Կահիրե, Բերքլի, Լոս-Անջելես, Վաշինգտոն և այլն), այդ թվում և արևելագիտական համաշխարհային կոնգրեսներին (Մոսկվա, Փարիզ, Անկարա, Համբուրգ, Մոնրեալ, Հնդկաստան և այլն):
Ինստիտուտում գործում է արևելագիտական մասնագիտացված գրադարան, որը պարունակում է ավելի քան 60 հազար միավոր գրականություն` փաստաթղթերի ժողովածուներ, մենագրական ուսումնասիրություններ, հոդվածների ժողովածուներ, գիտական պարբերականներ, օրաթերթեր և այլն, հայերեն, ռուսերեն, վրացերեն, արաբերեն, թուրքերեն, օսմաներեն, պարսկերեն, եբրայերեն, քրդերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներով: Վերջին տարիների ընթացքում գրադարանում առկա գրքերը թվայնացվում են՝ հանրությանը էլեկտրոնային հասանելիություն տրամադրելու նպատակով։
Նշված գիտական ուղղությունների գծով Արևելագիտության ինստիտուտի գիտնականները հրատարակել են բազմաթիվ մենագրություններ, ժողովածուներ և գիտական հոդվածներ: Դրանց զգալի մասը, հայերենից բացի, հրատարակվել է ռուսերեն, արաբերեն, պարսկերեն, քրդերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, ճապոներեն և այլ լեզուներով` Ռուսաստանում, Իրաքում, Քուվեյթում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ճապոնիայում և այլ երկրներում: