ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքում ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը և Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոբերտ Ղազարյանը:

Հուշագրի հիմնական նպատակն է սահմանել հիշյալ գիտակրթական հաստատությունների միջև համագործակցության ուղղությունները, ինչպես նաև նախանշել իրականացվելիք համատեղ միջոցառումներն ու նախաձեռնությունները:

Ըստ հուշագրի՝ կողմերի միջև համագործակցությունը կծավալվի ազգային անվտանգության ապահովման ոլորտին առնչվող պատմագիտական նյութերի վերլուծությանն ուղղված թեմատիկ լսումների, սեմինարների, գիտագործնական միջոցառումների կազմակերպման, գիտական, մասնագիտական գրականության, մեթոդական ձեռնարկների ու տարբեր նյութերի փոխանակման և համանման այլ ձևաչափերով: Փոխգործակցության շրջանակներում նախատեսվում է նաև Գիտաուսումնական կենտրոնում դասավանդվող առարկաների շրջանակներում առանձին թեմաներով դասախոսություններին Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողների ներգրավում, ինչպես նաև Կենտրոնի աշխատակիցների ընդգրկում Ինստիտուտում ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության, որպես գիտական աստիճանի հայցորդ ձևակերպելու կազմակերպչական աշխատանքներում, ատենախոսությունների մշակման և պաշտպանության ընթացքում մեթոդական աջակցության ցուցաբերման գործընթացներում: Համագործակցության հուշագրով նախատեսվելու է նաև Ինստիտուտի մագիստրատուրայի ուսանողների հետ համապատասխան աշխատանքների կազմակերպում՝ ՀՀ ԱԱԾ գործառույթներին, Կենտրոնի աշխատանքներին և ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու ընթացակարգերին ծանոթացնելու նկատառումներով:

Կողմերի հավաստմամբ ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի՝ տարիներ շարունակ կուտակած գիտակրթական փորձը էական նշանակություն կունենա երկու կառույցների գործունեության, ազգային անվտանգության ապահովման բնագավառում պատմագիտական և այլ հետազոտությունների խորացման, աշխատակիցների մասնագիտական գիտելիքների հետագա կատարելագործման համար: