Ս․թ․ հուլիսի 24-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և Էրբիլում ՀՀ Գլխավոր Հյուպատոսության համագործակցությամբ կայացավ Իրաքի Քրդստանի Քրդագիտական ուսումնասիրությունների Խանի կենտրոնի պատվիրակության այցն Ինստիտուտ: Պատվիրակության կազմում էին Ֆարիդուն Սամանը (Խանի կենտրոնի նախագահ, Zman&Zar ամսագրի գլխավոր խմբագիր), Սալիմ Սալմանը (Խանի կենտրոնի արտաքին հարաբերությունների և իրավական հարցերի պատասխանատու) և այլ աշխատակիցներ։
Ողջույնի խոսքում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն անդրադարձավ հայ-քրդական դարավոր բարեկամության ձեռբերումներին, պատմական սերտ առնչություններին, արժևորեց հայ և քուրդ ժողովուրդների գիտական և մշակութային կապերի հետագա զարգացման հնարավորությունը։ Իր խոսքում Ռ․ Ղազարյանը կարևորեց նաև Խորհրդային Հայաստանի տարիներին քուրդ ժողովրդի գիտական և մշակութային վերելքը՝ մասնավորապես Արևելագիտության ինստիտուտի քրդագիտության բաժնի բազամամյա գործունեության ձեռբերումները, որտեղ աշխատում էին ականավոր քուրդ գիտնականներ ակադեմիկոս Շաքրո Մհոյանը, Հաջիե Ջնդին, Ամինե Ավդալը, Ջալիլե Ջալիլը և այլոք:
Արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը ներկայացրեց ինստիտուտում իրականացվող «Քրդական գործոնի աշխարհաքաղաքական կարևորությունը սիրիական ճգնաժամում» թեմատիկ ծրագիրը, [Գիտության Կոմիտեի՝ 21T-6A153 ծածկագրով] որի շրջանակում էլ նախաձեռնվել էր հանդիպում- քննարկումը։
Քրդական պատվիրակության մասնակիցները խոսեցին Իրաքի Քրդստանում հայ ազգաբնակչության ներկա վիճակի մասին, ներկայացրին համայնքի համար Քրդստանի տարածաշրջանային կառավարության իրականացրած միջոցառումները՝ հայկական գյուղերի (Զախո, Հավրեզք, Ավզրուք) ենթակառուցվածքների բարելավում, վերաբնակցում, եկեղեցաշինություն և այլն։
Հանդիպման երկրորդ մասը շարունակվեց ընդլայնված կլոր-սեղան քննարկման ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային՝ մասնավորապես սիրիական ճգնաժամով պայմանավորված, արդի փոխակերպումներում քրդական գործոնի կարևորության, միջքրդական խնդիրների ու հակասությունների վերաբերյալ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել Կարմիր Քրդստանի պատմական նախադրյալների, քաղաքական ու ժողովրդագրական ասպեկտների, ինչպես նաև ցեղասպանագիտական ուսումնասիրությունների համատեղ իրականացման հարցում: Քննարկվեց նաև Արևելագիտության ինստիտուտի գիտական ֆոնդի արժեքավոր աշխատությունների սորանի քրդերենով թարգմանությամբ հրատարակման հնարավորությունը:
Բանախոսները ընդգծեցին նմանատիպ ճանաչողական հանդիպումների կարևորությունը՝ միջգիտական կապերի ամրապնդման գործում։ Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց երկկողմ գիտական կապերի ընդլայնման ուղղությամբ։ Կարևորվեց Արևելագիտության ինստիտուտի հայ մասնագետների և ուսանողների Իրաքի Քրդստանի գիտակրթական հաստատություններում վերապատրաստման, մասնավորապես՝ սորանի ուսուցման կազմակերպման հեռանկարը։
Հանդիպման ավարտին Արևելագիտության ինստիտուտի և Խանի հետազոտական կենտրոնի տնօրենները փոխանակեցին իրենց կառույցների գիտաշխաշխատողների հեղինակած արժեքավոր աշխատություններ և հուշանվերներ։