ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը Վ․ Բրյուսովի անվան համալսարան հիմնադրամի Կոնֆուցիոսի ինստիտուտի բազմակողմ աջակցությամբ 2023 թ. հոկտեմբերի 23-ին կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ «Վերարժևորելով «Գոտի և Ճանապարհ» նախաձեռնության» դինամիկան․ հիմնական միտումներ» խորագրով։
Գիտաժողովին ելույթ կունենան ոլորտային փորձառու մասնագետներ և հետազոտողներ։ Գիտաժողովը նվիրված է «Գոտի և ճանապարհ նախաձեռնության» տասնամյակին։
2013 թ․ «Գոտի և Ճանապարհ նախաձեռնության» (ԳՃՆ) մեկնարկից ի վեր տարբեր տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա, եվրասիական տարածաշրջան, այդ թվում՝ Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս և անդին, Չինաստանի բազմակողմ ներգրավումը մեծ թափ ստացավ։
Նախաձեռնության տնտեսական բաղադրիչը՝ բազմակողմ ենթակառուցվածքային մեգանախագծերով, լրացվեց մշակութային և անվտանգային բաղկացուցիչներով։
Տնտեսական աննախադեպ ներգրավումը նպաստեց չինական «փափուկ ուժի» ներթափանցմանը Հարավային Կովկաս, այդ թվում՝ Հայաստան և անդին, որի անբաժան մասերն են՝ հաջողությամբ ներդրված հանրային դիվանագիտության ջանքերը, չինական մշակույթի, լեզվի և կրթության տարածումը։
Գիտաժողովի հիմնական նպատակներից է` քննարկել չինական հանրային դիվանագիտության դրսևորումները Հարավային Կովկասում, առաջին հերթին՝ Հայաստանում «Գոտի և ճանապարհ նախաձեռնության» համատեքստում, ինչպես նաև հայ-չինական հարաբերությունների առանձնահատկությունները։
Գիտաժողովը կփորձի վեր հանել նաև Չինաստանի «փափուկ ուժի» ռազմավարության կերպափոխումները Մեծ Մերձավոր Արևելքում՝ մշակութային, էներգետիկ, տնտեսական և անվտանգային տեսանկյուններից՝ չափելով դրա մտադրությունները, մարտահրավերներն ու հնարավորությունները։
Գիտաժողովի հիմնական թեմատիկ խնդիրներն են՝
Չինական մշակույթի, լեզվի և կրթության տարածումը Հայաստանում․ ընդհանուր միտումներ։
Հայաստան-Չինաստան բազմակողմ հարաբերությունների դինամիկան ԳՃՆ համատեքստում։
Չինաստանի հանրային դիվանագիտության դրսևորումները Հարավային Կովկասում ԳՀՃ ներդրումից ի վեր. մարտահրավերներ և հնարավորություններ։
Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի «փափուկ ուժի» քաղաքականությունը Հարավային Կովկասում․ համեմատական վերլուծություն։
Մեծ Մերձավոր Արևելքում Չինաստանի դիվանագիտության առանձնահատկությունները ԳՃՆ համատեքստում․ անցյալը, ներկան և հեռանկարը
Գիտաժողովի արդյունքները կհրատարկվեն առանձին ժողովածուով։ Զեկուցման հայտերը՝ համառոտագիր մինչև 350 բառ՝ հայերեն և անգլերեն, հեղինակի տվյալները՝ անուն, ազգանուն, աշխատանքի վայր, գիտական կոչում, աստիճան և կարճ ինքնակենսագրություն, կարող են ուղարկվել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի գիտաշխատող՝ քաղաքագիտության թեկնածու Արամ Աբաջյանին հետևյալ hասցեով՝ аramarabist@gmail.com
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի սեպտեմբերի 25-ը:
Հրավիրող կողմը չի հոգում կեցության և ճանապարհի ծախսերը։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: