Արցախի և Հայաստանի համար այս բարդ և մարտահրավերներով լի շրջանում 2023 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտն ակադեմիայի նախագահության դահլիճում կազմակերպել էր միջազգային գիտաժողով «ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ ՈՒ ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ. ՆԵՐՔՐԴԱԿԱՆ, ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏԱՆԿՅՈՒՆՆԵՐ» թեմայով: Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող «Քրդական գործոնի աշխարհաքաղաքական կարևորությունը սիրիական ճգնաժամում» 21T-6A153 ծածկագրով թեմատիկ գիտական ծրագրի շրջանակում:
Գիտաժողովն ուներ գիտակիրառական նշանակություն: Այն նպատակ ուներ դիվանագիտական և ակադեմիական շրջանակների ներգրավմամբ` գիտական դիվանագիտության հարթակում (platform of Science diplomacy) քննարկել սիրիական ճգնաժամի ներսիրիական, տարածաշրջանային և միջազգային դիտանկյուններն ու տարածաշրջանում քրդական գործոնի աշխարհաքաղաքական նշանակությունը:
Գիտաժողովին մասնակցեցին ինչպես ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող օտարերկրյա դիվանագետներ, այնպես էլ արաբական մի շարք երկրներում ծառայություն իրականացնող ՀՀ դեսպաններ և դիվանագետներ, ՀՀ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատողներ, հետազոտողներ Միջին Արևելքի և Հարավային Ասիայի rազմավարական հետազոտությունների կենտրոնից, Վաշինգտոն, Հանրային քաղաքականության Ռիվակ Բաղդադ կենտրոնից (Իրաք), Եգիպտոսից և այլոք: Գիտաժողովին մասնակցեցին նաև հետազոտողներ Երևանի պետական համալսարանից և Բրուսովի անվան լեզվաբանական համալսարանից: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն էին՝ հայերենը, անգլերենը և արաբերենը:
Գիտաժողովի բացման խոսքում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը ողջունեց հյուրերին և մասնակիցներին, հատուկ շնորհակալություն հայտնեց նրանց, որ Հայաստանի և Արցախի համար այս դժվար օրերին գիտաժողովին մասնակցելու գտնելու ու դրանով իսկ տարածաշրջանային հիմնահարցերի լայն քննարկմանը նպաստելու համար: Մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհված մեր հայրենակիցների հիշատակը:
Լիլիթ Հարությունյանն ընդհանուր գծերով ներկայացրեց գիտաժողովի հայեցակարգն ու քննարկող հիմնահարցերը: Նշեց, որ Սիրիան կարևոր դեր ունի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ենթատարածաշրջանային հարթություններում և Սիրիայում ընթացող զարգացումները շղթայական ազդեցություն ունեցան տարածաշրջանային այլ երկրներում ևս: Գիտաժողովն ուներ 2 նիստ: Առաջին նիստում ներկայացված զեկուցումները նվիրված էին ներսիրիական զարգացումներին ու քրդական գործոնի տարբեր դիտանկյուններին: Երկրոդ նիստում քննարկվեցին հարցեր, որոնք առնչվում էին սիրիական ճգնաժամի ազդեցությանը տարածաշրջանային և միջազգային իրողություննրի վրա, տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային դերակատարների (ՌԴ, Իրան, Թուրքիա, ԱՄՆ, Չինաստան, ԵՄ երկրներ) ներգրավվածությանը սիրիական հակամարտությունում ու դրա հետևանքներին:
Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (2007-2018), Թունիսի Հանրապետությունում և Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պրոֆեսոր Արշակ Փոլադյանն իր ելույթում կարևորեց վերոնշյալ թեմայով միջազգային գիտաժողովի անցկացումը: Նա նշեց, որ ինչպես սիրիական ճգնաժամի, այնպես էլ քրդական խնդրի վերաբերյալ քննարկումներ ու զեկուցումներն ունեն գիտակիրառական կարևոր նշանակություն և արդիականություն: Որպես քրդական հիմնախնդրի գիտակ՝ դեսպան Փոլադյանը խոսեց նաև սիրիական կառավարության մոտեցումների մասին՝ քրդական հիմնահարցի վերաբերյալ և նշեց դրանց առանձնահատկությունները: Բացի այդ դեսպանը շեշտադրեց նաև արտաքին դերակատարների քրդական հարցի շահարկումների հետևանքները:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն իր «Սիրիան՝ որպես աշխարհաքաղաքական գործոն» զեկուցման առանցքում շեշտադրեց մի քանի կարևոր հարցադրումներ: Պրոֆ. Սաֆրաստյանն անդրադարձավ Իրանի և Թուրքիայի դերակատարմանը սիրիական ճգնաժամում, խոսեց նաև տարածաշրջանային մի շարք այլ պետությունների մասին ևս: Զեկուցման շրջանակում կարևորվեց նաև ներսիրիական գործընթացների դերը, ինչպես նաև սիրիացի փախստականների հիմնահարցերը: Զեկուցման ամփոփման հատվածում անդրադաձ եղավ աշխարհաքաղաքական տեսանկյունից Սիրիայի ապագա տեսլականին ևս:
Ռիֆակ Բաղդադ կերտրոնի տնօրեն Աբբաս ալ-Անբուրին իր «Քրդստանը և Իրաքի կենտրոնական կառավարությունը. մարտահրավերներ և լուծումներ» զեկուցման շրջանակում ներկայացրեց Իրաքի իշխանությունների և Քրդստանի կառավարության միջև հարաբերությունների առանձնահատկությունները, տնտեսական և քաղաքական շփումների հիմնական միտումները: Նշեց այն մարտահարվերների մասին, որոնք առկա են երկկողմ հարաբերություններում:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ պ.գ.թ., դոցենտ Լիլիթ Հարությունյանի ու Թուրքիայի բաժնի գիտաշխատող Տաթևիկ Մանուկյանի համատեղ «Սիրիական հակամարտությունում քրդական խնդրի վերաբերյալ Ռուսաստանի նարատիվները» զեկուցումը նպատակ ուներ քննարկել սիրիական հակամարտության առանցքում քրդական գործոնի Ռուսաստանի նարատիվների էվոլուցիոն առանձնահատկությունները: Քննարկվել են նաև Ռուսաստան-Սիրիայի քրդեր շփումների զարգացման դինամիկան Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում, երբ ուրվագծվում էր Սիրիայում քրդական ինքնավարության ձևավորման հնարավորությունը, ինչպես նաև որոշակի զուգահեռներ են տարվում ԱՄՆ-Սիրիայի քրդեր շփումների հետ: Քրդական գործոնի Ռուսաստանի ընկալումները դիտարկվել են նաև սիրիական հակամարտության մեջ ներգրավված տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային դերակատարների շահերի և քրդական հարցի վերջիններիս ընկալումների համադրմամբ: Հատուկ անդրադարձ է կատարվել սիրիական հակամարտության առանցքում Թուրքիայի ներգրավվածությանն ու քրդական խնդրի նկատմամբ վերջինիս դիրքորոշմանը:
Մերձավոր Արևելքում առկա գործընթացները, մասնավորապես 2011 թ․ սկիզբ առած սիրիական հակամարտությունը, ուր բախվում են միջազգային ու տարածաշրջանային խաղացողների՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Թուրքիա, Իրան, Իրաք և Իսրայել, հակասական, հաճախ իրարամերժ շահերը, կրկին բարձրացրին քրդերի և քրդական հարցի կարևորությունը ու դրա շահարկումը միջազգային հարթակում։
Սիրիական հակամարտության համատեքստում Ռուսաստանի դիրքորոշումը քրդական հարցում ի սկզբանե կանխորոշվեց նախ իր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային առաջնահերթություններով, ապա նաև Անկարայի հետ հարաբերություններով, որոնք, չնայած բազմաթիվ հակասություններին, վերջին շրջանում կառուցված են փոխգործակցային պրագմատիզմի (transactional pragmatism) հիմքով:
Ակնհայտ է, որ քրդերը դարձել էին սիրիական հակամարտության կարգավորման ռազմական և քաղաքական կարևոր բաղադրիչը, և թվում էր, թե հնարավորություն ունեն մասնակցելու Մերձավոր Արևելքում նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտի ձևավորմանը։ Մյուս կողմից սակայն ժամանակն աշխատում էր ոչ քրդերի օգտին՝ հաշվի առնելով տարածաշրջանում արտաքին դերակատարների շահերի վերաձևավորումներն ու ուժային հավասարակշռության փոփոխությունները։ 2022 թ. սկսված ուկրաինական պատերազմը, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կտրուկ աճող հակասությունները, նաև Սիրիայից դուրս, քրդերին դրեցին ծանր իրավիճակում։ Իսկ Թուրքիայի ռազմական գործողություններն ապացուցեցին, որ Սիրիայում քրդերի կարգավիճակն ուղղակիորեն կախված է Թուրքիայի դիրքորոշումից և հավակնություններից, ինչպես նաև ռուս-թուրքական ռազմաքաղաքական տանդեմից։
Այս խոսույթում առաջնային նշանակություն է ստացել Ռուսաստանի դիրքորոշումը: Սիրիական հակամարտության ողջ ընթացքում Ռուսաստանը ձգտել է Սիրիայի ամբողջականության և միասնականության պահպանմանը, սակայն չի բացառել դրա կազմում քրդական ինքնավարության հնարավորությունը՝ ի աջակցություն քրդական ցանկությունների: Ռուսաստանը քրդերին առաջարկում է բանակցել Սիրիայի նախագահ Ասադի հետ, համագործակցել սիրիական կառավարական ուժերի հետ՝ պահպանելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը՝ քրդական բոլոր զինված խմբավորումների ակառազմականացման և նրանց Սիրիայի զինված ուժերի մեջ ներառելու պայմանով:
Վաշինգտոնի Միջին Արևելքի և Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների կետրոնի առաջատար փորձագետ դր. Գաուդաթ Բահգաթը «ԱՄՆ-ի մերձավորարևելյան քաղաքականությունը. նոր միտումներ և իրողություններ» զեկուցման առանցքում խոսեց տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության փոխակերպումների, ԱՄՆ-Չինաստան մրցակցության, ամերիկյան զորքերի դուրս բերման, ԱՄՆ հովանու ներքո Ծոցի մի շարք պետությունների և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սիրիական ճգնաժամի նկատմամաբ ամերիկյան դիրքորոշման փոփոխությունների, Սիրիայի ԱՊԼ վերադարձի և արաբական մի շարք պետությունների հետ հարաբերությունների բարելվաման մասին:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ պ.գ.թ., դոցենտ Արաքս Փաշայանն իր «Սիրիական կառավարության քրդական քաղաքականությունը «Արաբական գարնան» սկզբնափուլում. կորսված հնարավարություններ և մշուշոտ ապագա» զեկուցման ընթացքում քննարկեց Սիրիայում «արաբական գարնան» սկզբնափուլում իշխանությունների մոտեցումները երկրի հյուսիսարևելյան շրջաններում բնակվող քուրդ ազգաբնակչության հակաիշխանական ընդզվումների, ապստամբությունների և սոցիալ-քաղաքական դժգոհություններին լուծումներ առաջարկելու վերաբերյալ։
Սիրիայի Արաբական Հանրապետության ձևավորումից ի վեր քուրդ ազգաբնակչությունը չի դիտարկվել որպես էթնոդավանական փոքրամասնություն, այլ համարվել է երկրի սուննի մուսուլմանական համայնքի մաս, հետևաբար հաշվի չի առնվել քրդերի ազգային իրավունքների լիիրավ իրացման հնարավորությունը, ինչպես դա եղել է օրինակ քրիստոնեական տարբեր հարանվանությունների պարագայում։ Բացի այդ, Սիրիայում բնակվող մոտ երկու միլիոն քուրդ ազգաբնակչության 15 տոկոսը (300.00 մարդ) չեն ունեցել քաղաքացիություն, հետևաբար զրկված են եղել տարրական իրավունքներից։ Հընթացս, երկրի հյուսիսարևելյան շրջաններում, մասնավորապես Հասաքեի նահանգում, առկա են եղել սոցիալ-տնտեսական խնդիրներ։ Մյուս կողմից, Սիրիայում քրդական և արաբական աշիարթների միջև պատմական տարբեր շրջափուլերում մ գոյություն են ունեցել թշնամական ընկալումներ ու մոտեցումներ, որոնք բարդացրել են համագործակցության եզրեր գտնելու հնարավորությունը, այդ թվում 2011 թ․ և հետագայում։
2011 թ․ «արաբական գարնան» դեպքերից ի վեր Սիրիայի քրդաբնակ շրջաններում բողոքի գործողություններին ի պատասխան Սիրիայի կառավարությունը հանդես եկավ մի շարք գործնական առաջարկներով՝սոցիալ-տնտեսական բարեփոխումների փաթեթով։ Կառավարությունն օգտագործեց քրդական աշիրաթապետերի և Դամասկոսի քրդական տարբեր էլիտաների ներկայացուցիչների հետ ունեցած կապերը երկխոսություն սկսելու համար։ Սիրիայում քրդական տարբեր շրջանակներում քրդական ազգային խնդիրները լուծելու վերաբերյալ ձևավորվեցին տարբեր, շատ դեպքերում՝ իրարամերժ ընկալումներ։
Ի վերջո, քրդական շրջանակներում ի հայտ եկան ինքնավարության, ինչպես նաև անկախության համար պայքարի օջախներ, որոնց համակարգումն իր ձեռքը վերցրեց PKK-ի հետ սերտ առնչվող Ժովովրդավարական միություն կուսակցությունը, որը ձևավորեց իր ռազմական խմբավորումները։ Սիրիայում քրդական հարցը կարճ ժամանակ անց դարձավ աշխարհաքաղական մրցակցության առարկա և շահարկվեց միջազգային տարբեր դերակատարների կողմից (Թուրքիա, ԱՄՆ, Ռուսաստան, Իրան, Իսրայել, Իրաք, Ծոցի երկրեր և այլն)։ Քրդական զինված ինքնապաշտպանական խմբավորումները հետագա տարիներին Սիրիայում ներքաշվեցին ինչպես անդրազգային մի շարք ռազմական խմբավորումների, այնպես էլ թուրքական պետության հետ ռազմական բախումների տևական շրջափուլի մեջ։
Հիմնական եզրակացությունը հետևյալն էր՝ Սիրիայում քրդերը անպատասխանատու գտնվեցին Սիրիայի ազգային անվտագության հարցում, ընդառաջ չգնացին կառավարության առաջարկներին, որի արդյունքում Սիրիայում քրդական հարցը աշխարհաքաղաքական շահարկումների առարկա դարձավ, հյուսիարևելյան քրդաբնակ և արաբաբնակ շրջանները օկուպացվեցին Թուրքիայի կողմից։ Միանգամայն այլ կերպ կընթանար սիրիական պատերազմը, եթե քրդերը ավելի ճկուն և հավասարակշռված դիրքորոշում որդեգրեին և համագործակցության եզրեր գտնեին Դամասկոսի հետ։
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ պ.գ.թ. Լևոն Հովսեփյանն իր «Անվտանգությունից և քրդական սպառնալիքից անդին. սիրիական ճգնաժամում Թուրքիայի ռազմական ներգրավվածության ավելի լայն ասպեկտները» զեկուցման մեջ նշեց, որ 2016 թ. Թուրքիան իրականացրեց իր առաջին ռազմական գործողությունը Սիրիայի սուվերեն տարածքում, ինչը հետագայում դարձավ շարունակական։ Թուրքիան դարձավ սիրիական ճգնաժամում ռազմաքաղաքական ներգրավվածություն ունեցող առանցքային երկրներից։ Թեև Անկարայի ռազմական գործողությունները առավելապես քննարկվում և ներկայացվում են «Իսլամական պետության» դեմ պայքարի և Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ պայքարի համատեքստում, այնուամենայնիվ, թուրքական ներգրավվածության դետերմինանտները և ասպեկտները շատ ավելի լայն են, որոնց էլ անդրադարձ է կատարվում սույն զեկույցում։ Անկարայի ռազմական ներգրավվածության լայն ասպեկտների անտեսումը, զուտ անվտանգային ու ռազմակենտրոն մոտեցումը, հնարավորություն չի տալիս վերհանել մերօրյա Թուրքիայի արտաքին ու ներքին, աշխարհաքաղաքական, անձնակենտրոն, դետերմինանտները, որոնք իրենց մեջ ներառում են գաղափարախոսական, ինքնութենական, իմիջային և այլ շերտեր։
Զեկույցում քննարկվեցին թուրքական ռազմական ներգրավվածության լայն ասպեկտները, ինչպես օրինակ՝ ռազմաքաղաքացիական փոխհարաբերությունների, ռևիզիոնիստական արտաքին քաղաքական տեսլականի, Էրդողանի իմիջի կերտման, նոր արտաքին քաղաքական ու անվտանգային ինքնության, պրոքսի ուժերի կապիտալի ձևավորման, ուժի արտածման, գլոբալ դերակատարության մեծացման, «բազմակողմ տրանսակցիոնալիզմի» համատեքստում և այլն։
Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխատող Տաթևիկ Մանուկյանը «Քուրդ պարտիզան կնոջ կերպարը սիրիական ճգնաժամում. կերպափոխման և բերնդավորման նոր դրսևորումներ» զեկուցման համատեքսում նշեց, որ սիրիական ճգնաժամի ծավալմանը զուգընթաց՝ ծնունդ առավ և կայացավ քուրդ մարտնչող հեղափոխական կին պարտիզանը, որն տեսլականն էր կառուցել ժողովրդավարական, ապակենտրոնացված և բազմակարծիք հասարակություն, որտեղ կանանց ինքնադրսևորումն ու կենսակերպը կլինի ազատ՝ հոգևոր, մշակութային և գիտելիքահեն՝ ձերբազատված ավանդական պատրիարխալ կանոնակարգումներից։ Առաջին Կանանց ինքնապաշտպանության ջոկատը (YPJ) Սիրիայի քրդաբնակ շրջաններում ձևավորվեց 2013թ․, իսկ այսօր քրդական ինքնապաշտպության մարտիկների շուրջ 40 տոկոսը կանայք են՝ միևնույն ժամանակ դառնալով քրդական հասարակության ավանդական արժեհամակարգի փոխակերպման հենքն ու շարժիչ ուժը։ Սիրիայի քրդաբնակ շրջաններում տեղի ունեցող կանանց ինքնապաշտպանական շարժումը երբեմն որակվում է որպես կանանց հեղափոխություն։ Սիրայի քուրդ պարտիզան կանայք դարձան Իսլամական պետության ահաբեկչության դեմ պայքարի խորհրդանիշը, լրջագույն ներդրում ունեցան ռազմական առաջնագծում՝ պատվով դիմադրելով այդ սարսափելի մղձավանջին։ Ի հեճուկս ահաբեկիչների վայրագությունների՝ քուրդ կնոջ մոտ ամենևին էլ զոհի հոգեբանություն չձևավորվեց, այլ հակառակը՝ նրանց ապրելու սկզբունքը դարձավ պայքարը, կարգախոսը՝ «դիմադրությունը կյանք է»։
Բացի ռազմաճակատում զենքը ձեռքին մարտնչելուց քուրդ պարտիզան կանայք ստանձնեցին նաև տեղատվական, ճանաչողական և դիվանագիտական առաքելություն՝ դառնալով ինքնատիպ բրենդ՝ բացահայտելու քուրդ կնոջ ոգու արիությունն ու պայքարի էությունը:
Եգիպտացի հետազոտող, նովելիստ և գրաքննադատ տիկին Ռադուա ալ-Ասուադը «Հայ-քրդական պատմական և մշակութային առնչությունները. մարտահրավերներ և հնարավորություններ» զեկուցման շրջանակում խոսեց հայ-քրդական պատմական առնչությունների մասին, ներկայացրեց Սիրիայի քրդաբնակ շրջաններում հայերի և քրդերի համակեցության առանձնահատկությունները:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխատող պ.գ.թ., դոցենտ Գոռ Գևորգյանն իր «Եգիպտոսի դերը Սիրիայի «արաբական ընտանիք» վերադարձի առանցքում (2013-2023)» զեկուցման շրջանակում նշեց, որ եգիպտասիրիական հարաբերություններն ավանդաբար առանցքային դերակատարություն ունեն ոչ միայն պաղեստինյան հարցի խաղաղ կարգավորման և արաբ-իսրայելական դիմակայության գործընթացում, այլև որոշակիորեն պայմանավորում են արաբական աշխարհի անվտանգային միջավայրի ձևավորումը՝ փորձելով նպաստել միջարաբական հարաբերուոթյուններում առկա տարբեր խնդիրների հաղթահարմանը: Սակայն երկկողմ հարաբերությունների պատմության տարբեր փուլերում եղել են նաև խնդրահարույց շրջաններ՝ ընդհուպ մինչև դիվանագիտական հարաբերությունների սառեցում և այլն:
XXI դարասկզբին եգիպտասիրիական հարաբերություններին նոր շունչ է հաղորդում 2013 թ. հուլիսի 3-ին Եգիպտոսում պետական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին:
Եգիպտոսի ջանքերը Սիրիայի հետ կանոնավոր հարաբերություններ հաստատելու հարցում վկայում է Կահիրեի դիրքորոշումը ԱՊԼ-ում Սիրիայի անդամակցության վերականգնման հարցում։ Կարելի է արձանագրել, որ 2019 թ. սկսած Եգիպտոսը միջարաբական հանդիպումների շրջանակներում սկսում է հետևողականորեն բարձրաձայնել և սատարել Սիրիայի անդամակցությունն ԱՊԼ-ում վերականգնելու անհրաժեշտության մասին: Միևնույն ժամանակ, աջակցելով Սիրիային «արաբական ընտանիք» վերադառնալու հարցում՝ Եգիպտոսը որակապես նոր մակարդակի էր բարձրացնում պաշտոնական Կահիրեի և Դամասկոսի միջև հարաբերությունները:
2023 թ. մայիսի 7-ին Կահիրեում կայացած ԱՊԼ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սիրիան վերականգնեց իր անդամակցությունը: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին էական ջանքեր գործադրեց «արաբական ընտանիք» Սիրիայի վերադառնալու հարցում:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխտող պ.գ.թ. Գրիգոր Վարդանյանն իր «ԱՊԼ-ում Սիրիայի անդամակցության և արաբական երկրների հետ հարաբերությունների վերականգնման շուրջ» զեկուցումը նախ և առաջ նպատակ էր հետապնդում հետազոտել 2023 թ. առաջին կեսին Արաբական պետությունների լիգային Սիրիայի անդամակցության վերականգնման գործընթացը, քննության առնել Սիրիան արաբական պետությունների ընտանիք ընդունելու Բաշար Ալ-Ասադի կառավարության և տարածաշրջանային ուժերի ներքին և արտաքին դրդապատճառներն ու նպատակները։ Զեկուցումը նպատակ ուներ պատասխաններ գտնել հետևյալ կարևոր հետազոտական հարցերին՝ 1․ Ինչու սիրիական իշխանությունները որոշեցին գնալ երբեմնի թշնամական արաբական պետությունների հետ հարաբերությունների բարելավման, 2․ Որոնք էին այն հիմնական ներքին և արտաքին գործոնները, որոնք ազդում էին Սիրիայի անվտանգային էլիտայի որոշումների կայացման վրա, որոնք ձգտում էին ստանալ արաբական պետությունների աջակցությունը։ Վերլուծելով Արաբական աշխարհի համար կարևոր նշանակության իրադարձությունը, քննության առնելով փոփոխությունների իրական շարժառիթներն ու նպատակները, հաշվի առնելով ոլորտի մասնագետների կարծիքներն ու առաջադրած տեսությունները, մենք հանգում ենք մեր սեփական եզրահանգումներին և առաջ բերում նոր թեմայի վերաբերյալ նոր հեռանկարներ։
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխատող Անուշ Հովհաննիսյանն իր «Թուրքիայի արտաքին քաղաքականության գլուխկոտրուկը Սիրիայում և սիրիացի քրդերի մարտահրավերները» զեկուցման ընթացքում շեշտադրեց, որ տարիներ շարունակ Անկարան սպառնացել է ընդլայնել իր ներխուժումը արևելյան Սիրիա և էթնիկապես մաքրել սահմանի երկայնքով քրդերից և այլ փոքրամասնություններից ավելի շատ տարածքներ: Սա միլիոնավոր մարդկանց կյանքը դնում է մշտական անորոշության մեջ: Արևելյան Սիրիայում կան բազմաթիվ փոքրամասնություններ, այդ թվում՝ պատմական քրիստոնեական համայնք և եզդիներ: Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումները կամ YPG-ն ստեղծեցին քրդական առանցքային խմբավորումներից մեկը, որը կռվում էր ԻՊ-ի դեմ: Սակայն Թուրքիան նրանց մեղադրել է «ահաբեկչական» խմբավորում լինելու մեջ։ Թուրքիան դա օգտագործեց որպես պատրվակ YPG-ի վրա հարձակվելու համար, սկզբում 2016 թ. Մանբիջի մերձակայքում, իսկ ավելի ուշ՝ 2018 թ. Աֆրինում: Սա բարդ գլուխկոտրուկ ստեղծեց Արևելյան Սիրիայում: Ըստ էության, պաշարված երկիրը դեռևս բաժանված է, և Սիրիայի քաղաքացիական պատերազմի մնացորդները դեռ գերիշխում են երկրի բնապատկերում: Անկարայի նպատակն է ստիպել ապստամբներին հեռացնել քրդերին Աֆրինից, ինչպես նաև սահմանի և «բուֆերային գոտու» երկայնքով գտնվող նման տարածքներից և : Անկարան կարող է մոտ երեք միլիոն սիրիացի վտարել այդ շրջաններ և այդ սիրիացի փախստականներին «վերաբնակեցնել» նախկին քրդաբնակ շրջաններում: Սա Անկարայի ցինիկ մոտեցումն է. օգտագործել փախստական արաբ սիրիացիներին՝ կռվելու համար սիրիացի քրդերի դեմ՝ ըստ էության ոչնչացնելով երկու խմբերը: Մինչ Սիրիայի քրդերը և մյուս փոքրամասնությունները ռմբակոծվում են՝ Ռուսաստանը, Թուրքիան և ԱՄՆ-ն բարձր մակարդակի գործարքներ են կնքում: Արևելյան Սիրիայում ապրող սովորական մարդկանց համար ապագան մռայլ է թվում: Նրանք կա՛մ էթնիկական մաքրման են ենթարկվելու թուրքական հերթական ներխուժմամբ, կա՛մ պետք է ապրեն Ռուսաստանի կողմից աջակցվող սիրիական ռեժիմի հետ: Ինչպե՞ս կարող են նրանք հաղթահարել այս մարտահրավերը, ինչպիսի՞ն է Անկարայի նոր կառավարության դիրքորոշումը սիրիական հարցում. այս և այլ հարցեր կվերլուծվեն զեկույցում։
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի առաջատար գիտաշխատող պ.գ.թ. Արամ Գասպարյանն իր «Թունիսի և Մարոկկոյի դիրոքորոշման փոփոխությունները սիրիական ճգնաժամի նկատմամբ» զեկուցման շրջանակում շեշտեց, որ 2011 թ. Սիրիայում սկսված զինված հակամարտությունը իր ազդեցությունը ունեցավ Սիրիայի և արաբական երկրների գերակշիռ հատվածի այդ թվում նաև Մարոկկոյի և Թունիսի հետ հարաբերությունների վրա: Սիրիական ճգնաժամի մեկնարկից հետո այս երկրները Սիրիայի իշխանություններին մեղադրեցին հակաժողովրդական գործողությունների մեջ, ինչը հանգեցրեց հարաբերությունների կտրուկ վատթարացմանը: Սակայն վերջին տարիների ընթացքում թե՛ Թունիսի, և թե՛ Մարոկկոյի դիրքորոշումը Սիրիայի նկատմամբ ենթարկվեց որոշակի փոփոխությունների, ինչը պայմանավորված էր ինչպես այս երկրներին ներքին և արտաքին քաղաքականության, այնպես էլ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նոր զարգացումներով:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող պ.գ.թ., դոցենտ Նազելի Նավասարդյանն իր «Քրդական գործոնը և Իրանի տարածաշրջանային անվտանգության շահերը սիրիական ճգնաժամի առանցքում» զեկուցման շրջանակում նշեց, որ սիրիական ճգնաժամն ու ծայրահեղ իսլամիստական ուժերի վերելքը, միանգամայն նոր իրողություններ ձևավորեցին քրդական բնակչություն ունեցող պետությունների (Թուրքիա, Իրաք, Իրան, Սիրիա) համար՝ ստիպելով դրանց վերանայել քրդական հիմնախնդրով պայմանավորված թե՛ ներքին թե՛ արտաքին քաղաքական ուղենիշները:
Թեև Իրանն իր սահմանների հարևանությամբ սալաֆիական-ջիհադական խմբավորումների հետ պայքարի բավականին մեծ փորձ ունի, այսուհանդերձ կարճատեւ ժամանակահատվածում Իսլամական պետություն ահաբեկչական կառույցի (այսուհետև՝ ԻՊ) առաջխաղացումն Իրաքում և Սիրիայում ուժերի մեծ գերլարում պահանջեց Թեհրանից: Թեհրանը բախվեց ինչպես սահմանների անվտանգության խնդրի, այնպես էլ կրոնական, տնտեսական, քաղաքական տարաբնույթ նոր սպառնալիքների ու մարտահրավերների։ Թեհրանն ակտիվացրեց իր ռազմաքաղաքական ներգրավվածությունն Իրաքում և Սիրիայում նաև քրդական գործոնի ուղղությամբ: Սիրիական ճգնաժամի խորացմանը զուգընթաց Իրանը սկսեց սատարել ԻՊ դեմ պայքարող քրդական ուժերին՝ Իրաքի շիաբնակ շրջանների պաշտպանության և Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգին պահպանման նպատակով: Իրանը հաստատակամորեն պաշտպանում է Սիրիայի արածքային ամբողջականության սկզբունքը՝ սուր արձագանքելով երկիրը սուննիական, շիական և քրդական պետությունների բաժանելու միջոցով, տարածաշրջանում նոր ուժային հավասարակշռություն հաստատելու մոդելներին:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող պ.գ.թ. Մուշեղ Ղահրիյանը «Ծոցի արաբական երկրների և Սիրիայի հարաբերությունների վերականգնման պատճառները և նպատակները» զեկուցման առանցքում նշեց, որ 2011 թվականի գարնան սկզբին Սիրիայում սկսած հակակառավարական ցույցերն արագորեն վերաճեցին լայնամասշտաբ պատերազմի։ Տասնամյակից ավելի ձգված պատերազմի հետևանքով Սիրիան այժմ մասնատված է մի քանի հատվածների, որտեղ վերահսկողությունն անցել է զանազան ուժերի։ Այդուհանդերձ, եթե պատերազմի առաջին փուլում իրադարձությունները ծավալվում էին ի վնաս Սիրիայի կառավարության, ապա 2015 թվականից հետո սիրիական կառավարական ուժերն արտաքին գործընկերների աջակցությամբ կարողացան բեկել ընթացքը, որի հետևանքով Սիրիական բանակը կրկին վերահսկողություն հաստատեց երկրի տարբեր հատվածներում, իսկ նախագահ Բաշար Ասադի հեռացման հարցը դուրս եկավ օրակարգից։
Սիրիական հակամարտության ամենասկզբից Պարսից ծոցի արաբական երկրները պահանջեցին Բաշար Ասադին հրաժարվել իշխանությունից և լայնածավալ աջակցություն էին ցույց տալիս հակակառավարական ուժերին։ Նրանք անմիջական և գործուն մասնակցություն ունեցան արաբական աշխարհում Սիրիայի կառավարությանը մեկուսացնելու և բոյկոտելու գործում, և Արաբական երկրների լիգայում Սիրիայի տեղը տվեցին ընդդիմադիր ուժի ներկայացուցչին։
Պատերազմի ընթացքը, սակայն, հարկադրեց Ծոցի արաբական երկրներին աստիճանաբար վերանայել իրենց դիրքորոշումը Սիրիայի և Բաշար Ասադի նկատմամբ և զգուշությամբ վերականգնելով Սիրիայի հետ խզված հարաբերությունները և կրկին ճանաչելով նրա լեգիտիմությունը որպես Սիրիայի նախագահ։ Նույն այդ երկրների աջակցությամբ 2023 թվականին Սիրիան վերականգնեց իր տեղն ԱՊԼ-ում։
Այս զեկույցի նպատակն էր վերլուծել Ծոցի արաբական երկրների դիրքորոշման փոփոխության պատճառները։ Երևույթը բացատրելու համար որպես հիմք վերցնում ենք արտաքին քաղաքականության եռամակարդակ վերլուծության համակարգային մակարդակը։ Դրան զուգահեռ կատարում ենք համեմատական վերլուծություն՝ ի ցույց դնելու Սիրիայի հետ հարաբերություններում Ծոցի արաբական երկրների որդեգրած քաղաքականությունների տարբերությունները՝ դա բացատրելով տվյալ երկրների արտաքին քաղաքականության հետագծով և որոշումների կայացման առանձնահատկություններով։
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի աշխատակից Աննա Անտոնյանն իր «Իսրայելական քաղաքական եվ հասարակական ընկալումները սիրիական ճգնաժամի նկատմամբ» զեկուցման մեջ նշեց, որ 2011 թ․բռնկված սիրիական ճգնաժամը լրջագույն մարտահրավեր էր նաև Իսրայելի անվտանգության համար, քանի որ այն սահմանակից պետություն է, և Սիրիայում տեղի ունեցող գործընթացները հնարավոր էր, որիրենցազդեցություննունենային նաև Իսրայելում։
Իսրայելն իր անհանգստությունը հիմնավորում էր նաև այն փաստարկով, որ թեև Իսրայելը Սիրիայի հետ մինչ օրս չունի դիվանագիտական հարաբերություններ, սակայն ցանկացած պարագայում, Սիրիայում կայունության և իրողությունների կանխատեսելիության ապահովումը շատ կարևոր էր Իսրայելի ազգային անվտանգային համակարգի տեսանկյունից։
Այդ հիմնավորմամբ էր նաև, որ Իսրայելը հակամարտության հենց սկզբից նշեց իր չեզոքության մասին, սակայն, բնական էր, որ անուղակիորեն պիտի փորձեր ազդեցություն ունենալ Սիրիայում ընթացող զարգացումների վրա։
Հակամարտության երկարաձգման արդյունքում, երբ սիրիական ճգնաժամում ուղղակիորեն ներգրավվեց նաև Իրանը, Իսրայելը սկսեց էլ ավելի զգուշավորություն դրսևորել՝փորձելով անուղղակիորեն կանխել իրանական ազդեցության ուժեղացումը սահմանակից Սիրիայում: Սրան գումարվեց նաև լիբանանյան շիայական Հեզբալլահ շարժման ակտիվությունը, որը ևս աջակցում էԲաշար Ասադի կառավարությանը: Վերոնշյալըստիպում է Իսրայելինէլ ավելի հետևողականորեն վերահսկել ու նաև փորձել հակազդել Սիրիայում ընթացող զարգացումներին ու այնտեղ իրանական շիայական ազդեցության ուժեղացմանը:
Գիտաժողովն ավարտվեց քննարկմամբ և հիմնական արդյունքների ամփոփմամբ: Քննարկվեցին հարցեր, որոնք առնչվում էին նաև Հարավային Կովկասում թուրքական գործոնի ուժեղացմանը, ռուս-թուրքական հարաբերությունների ազդեցություններին, Արցախի շուրջ ձևավորված բարդագույն իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների լարվածությանը և այլն:
Շնորհակալություն ենք հայտնում գիտաժողովին մասնակից մեր բոլոր գործընկերներին, ովքեր Արցախի և Հայաստանի համար այս բարդ իրավիճակում գիտաժողովը մեծապես ծառայեցրին նաև գիտական դիվանագիտության հարթակում առկա մարտահրավերների բազմակողմանի քննարկմանը: