Սույն թվականի հոկտեմբերի 14-19 Չինաստանի հումանիտար ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների ինստիտուտի հրավերով Պեկին այցելեցին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Արաքս Փաշայանը և նույն բաժնի գիտաշխատող Արամ Աբաջյանը։
Կողմերը դրական են գնահատել մինչ այժմ իրականացրած երկկողմ համագործակցությունը, կարևորել են ս. թ նոյեմբերի 12-ին Արևելագիտության ինստիտուտի կողմից Երևանում կազմակերպվող «Չինաստանի արդիականացումը. Հայաստան-Չինաստան հարաբերություններ» միջազգային գիտաժողովը։
Արևելագիտության ինստիտուտի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Չինաստանի հումանիտար ակադեմիայի Չինական արդիականացման ինստիտուտի ղեկավարության հետ և պայմանավորվածություն ձեռք բերել փոխանակման ծրագրերի շուրջ: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները հետայսու հնարավորություն կունեն երկարաժամկետ հետազոտություններ իրականացնել նշված հաստատությունում:
Արևելագիտության ինստիտուտի պատվիրակությունը հանդիպել է նաև Չինաստանի Արտաքին գործերի նախարարության միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրինության հետ՝ քննարկել համագործակցության նոր ծրագրեր:
Բոլոր հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Չինաստանի արդիականացման, միջազգային անվտանգության համակարգի ձևավորման վերաբերյալ Չինաստանի տեսլականի, «Գոտի ճանապարհ նախաձեռնության», Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ներկա գործընթնացների, տարածաշրջանային մրցակցության, հետպատերազմական իրողությունների, Հայաստան-Ադրբեջան հակասությունների, Հայաստանի առաջ ծառացած անվտանգային մարտահրավերների, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ Չինաստանի քաղաքականության, Հայաստանում Չինաստանի մասին ընկալումներին առնչվող հարցեր: Խոսվել է Չինաստանի Հումանիտար ակադեմիայի տարբեր գիտական կենտրոններում Հայաստանի վերաբերյալ հետազոտություններն ընդլայնելու անհրաժեշտության մասին: Անդրադրաձ է կատարվել Հայաստան-Չինաստան պատմամշակութային դարավոր կապերի, երկու ժողովուրդների և պետությունների միջև բարեկամության և այդ հենքի վրա նոր որակի համագործակցություն կառուցելու անհրաժեշտության մասին: Բարձր է գնահատվել Հայաստանում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտի նշանակությունը չինարեն լեզվի տարածման գործում:
Պատվիրակությունն այցելել է Պեկինում ՀՀ դեսպանություն և հանդիպել ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Վահե Գևորգյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-Չինաստան համագործակցության արդի միտումներն ու հեռանկարը: