ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Սույն թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ էր այցելել ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի կցորդ Մոհամմադ Ասադի Մովահեդին։ 

Այցի ժամանակ ԱԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանի հետ հանդիպմանը պարոն Մոհավեդին շեշտելով հայ-իրանական գիտական ոլորտում համագործակցության կարևորությունը՝ ընդգծեց, որ անհրաժեշտ է երիտասարդ հետազոտողների և գիտնականների համար ստեղծել հնարավորություն ուսումնասիրելու Իրանը՝ այցելելով երկիր, համագործակցելով իրանցի մասնագետների հետ և օգտագործելով տեղի հարուստ աղբյուրները։ 

ԱԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանն էլ շեշտեց, որ Արևելագիտության ինստիտուտը կարող է կամուրջ դառնալ, որպեսզի հայ և իրանցի գիտնականները համագործակցության հնարավորություններ ունենան նաև գիտական մյուս ոլորտներում։ Սա ոչ միայն կնպաստի գիտական կադրերի փորձի փոխանակմանն ու հարստացմանը, այլև կխթանի երկու երկրների միջև գիտական համագործակցության խորացմանն ու համատեղ նախագծերի կյանքի կոչմանը։

Պարոն Մովահեդին և ԱԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանն արժևորելով հայ-իրանական գիտական համագործակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը ՀՀ և ԻԻՀ հարաբերություններում՝ պայմանավորվեցին հետագայում դարձյալ հանդիպել և համագործակցության նոր հուշագիր ստորագրել՝ ձեռք բերված նոր պայմանավորվածությունների վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցում էին  ԳԱԱ ԱԻ Թուրքիայի բաժնի վարիչ Լևոն Հովսեփյանը, Իրանի բաժնի ավագ լաբորանտ, հայցորդ Աշխեն Գևորգյանը, ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի կենտրոնի ղեկավարի օգնական Ալեն Հայրապետյանցը։