

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կնքվեց համագործակցության համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի և ՀՀ ԳԱԱ միջև:
Համաձայնագրի գլխավոր նպատակն է ամրապնդել համագործակցությունը երկու գիտական կազմակերպությունների միջև գիտական, տեխնոլոգիական և գիտակրթական ոլորտներում։
Համաձայնագրերը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի նախագահ, ակադեմիկոս Անդրեյ Ռուդսկոն։
Այս կարևոր միջոցառմանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժ/պ Գոհար Իսկանդարյանը։
Կարևորելով երկկողմ համագործակցությունը Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի հետ, Գ․ Իսկանդարյանը հայտնեց իր լիակատար պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը Արևելագիտության ինստիտուտի և Սանկտ Պետերբուրգի Արևելյան ձեռագրերի ինստիտուտի, ՌԴ ԳԱ նյութական մշակույթի պատմության ինստիտուտի հետ։
Գ․ Իսկանդարյանը նշել է նաև, որ Արևելագիտության ինստիտուտի Արևելյան աղբյուրագիտության և պատմագիտության, ինչպես նաև Հին Արևելքի ու Քրիստոնիա Արևելքի բաժինների հետաքրքրությունները մոտ են Սանկտ Պետերբուրգի վերոնշյալ ինստիտուտների հետաքրքրություններին։