ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Սույն թվականի հուլիսի 23-28-ը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանն աշխատանքային այցով գտնվում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։

Այցի շրջանակներում նա հանդիպում է ունեցել Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Սուն Չժուանժի, փոխտնօրեն Ցզին Չժեի, ինստիտուտի այլ աշխատակիցների հետ։ Հաշվի առնելով ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների ինստիտուտի միջև 2022թ․ կնքած պայմանագիրը՝ որոշվեց նոր լիցք հաղորդել երկու կառույցների միջև համագործակցությանը, կազմակերպել երկուստեք հետաքրքրությունների շրջանակում գտնվող խնդիրների վերաբերյալ գիտաժողովներ, աշխատաժողովներ։

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գ․ Իսկանդարյանը ս․թ․ հուլիսի 24-ին մասնակցեց  «Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մեդիա և վերլուծական կենտրոնների՝ «Համագործակցություն հանուն ընդհանուր զարգացման» միջազգային խորագրով գագաթնաժողովին՝ հանդես գալով «Путь Армении в многополярном мире: контекст ШОС» զեկուցմամբ, ինչը արժանացավ դրական արձագանքի:

Գագաթնաժողովի պաշտոնական օրակարգին զուգահեռ տեղի են ունեցել նաև այցեր չինական գիտական, մշակութային կենտրոններ, առաջատար արտադրական ձեռնարկություններ և պատմամշակութային ժառանգության օբյեկտներ։