
2025 թ. հոկտեմբերի 3-5-ը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը և Թուրքիայի բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևոն Հովսեփյանը մասնակցեցին Կովկասյան ինստիտուտի կողմից կազմակերպված «Տարածաշրջանային և գլոբալ դերակատարներն ու տերությունները Հարավային Կովկասում. հետևանքներ Հայաստանի Հանրապետության արտաքին և անվտանգային քաղաքականության համար» խորագրով եռօրյա աշխատաժողովին։ Ինստիտուտի ներկայացուցիչները հանդես եկան զեկույցներով՝ ներկայացնելով իրենց գիտական մոտեցումներն ու վերլուծությունները։
Մասնակցությունը նշված միջոցառմանը բխում է 2024 թ. Արևելագիտության ինստիտուտի և Կովկասի ինստիտուտի միջև կնքված համագործակցության համաձայնագրի դրույթներից, որոնք ենթադրում են փորձագիտական քննարկումների և համատեղ գիտահետազոտական նախաձեռնությունների պարբերական կազմակերպում։
Աշխատաժողովի շրջանակում քննարկվեցին Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում գլոբալ և տարածաշրջանային դերակատարների քաղաքական ռազմավարությունները, դրանց զարգացումները, ինչպես նաև այդ գործընթացների հնարավոր ազդեցությունները Հայաստանի Հանրապետության արտաքին և անվտանգային քաղաքականության վրա։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի գրասենյակի, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ակադեմիական և փորձագիտական շրջանակների առաջատար մասնագետներ ու վերլուծաբաններ։


