
Վերջին շրջանում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում զգալիորեն ուժեղացել է գիտահետազոտական ծրագրերի կրթական բաղադրիչի նկատմամբ ուշադրությունը։ Ինստիտուտի գիտաշխատողները շարունակաբար ստանում են հրավերներ՝ ներկայացնելու իրենց հետազոտությունների արդյունքները ուսանողների և երիտասարդ հետազոտողների լսարաններում։ Գիտության և կրթության փոխկապակցվածությունը չափազանց կարևոր է ուսումնասիրությունների գիտագործնական և կիրառական նշանակությունը լիարժեքորեն բացահայտելու տեսանկյունից։
2025 թ. հոկտեմբերի 11-ին Արևելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը հանդես է եկել զեկուցմամբ՝ Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի «Մեդիացիան որպես կոնֆլիկտների հաղթահարման այլընտրանքային տարբերակ» 13 -րդ աշնանային դպրոցում «Հայկական գործոնի թուլացումը Սիրիայում Դամասկոս–Բաքու հարաբերությունների զարթոնքի համատեքստում» թեմայով։ Զեկուցումից հետո ծավալվել է ակտիվ քննարկում, որի ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղղությանը, արաբական երկրներում ձևավորված հայկական համայնքների՝ հատկապես սիրիահայության արդի դրությանը։


