
2025 թ. նոյեմբերի 13-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, դոցենտ Գոհար Իսկանդարյանը պաշտոնական հանդիպում է ունեցել ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ալիքբեր Ալիքբերովի, ինչպես նաև ՌԴ ԳԱ Արևելյան ձեռագրերի ինստիտուտի տնօրեն Իրինա Պոպովայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ակադեմիական ինստիտուտների միջև գիտական կապերի խորացման ուղիները, ինչպես նաև մի շարք համատեղ նախաձեռնություններ՝ գիտական հետազոտությունների, ձեռագրագիտական ուսումնասիրությունների, կրթական ծրագրերի և փորձագիտական համագործակցության ոլորտներում։
Քննարկման ավարտին կողմերը ստորագրեցին համագործակցության երկու պայմանագիր.
- ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի միջև,
- ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ՌԴ ԳԱ Արևելյան ձեռագրերի ինստիտուտի միջև։
Ստորագրված փաստաթղթերը վերահաստատում են երկու երկրների գիտական կենտրոնների պատրաստակամությունը՝ զարգացնելու և ընդլայնելու երկարաժամկետ համագործակցությունը՝ միջազգային գիտական կապերի ամրապնդման նպատակով։
Պայմանագրով սահմանված է, որ կողմերը ներգրավվելու են համատեղ գիտական և կրթական ծրագրերում։ Մասնավորապես՝
- գիտական հրապարակումների, գրականության և պարբերականների փոխանակում,
- միջազգային գիտաժողովների, սեմինարների, սիմպոզիումների և կլոր սեղանների համատեղ կազմակերպում,
- գիտական գործերի, ուսումնասիրությունների, հոդվածների, մենագրությունների համատեղ պատրաստում և հրատարակում,
- համատեղ գիտական արշավախմբերի իրականացում,
- համատեղ դրամաշնորհային ծրագրերին մասնակցություն և այլն,
Կողմերի ստորագրած պայմանագրերը հիմք են դնում նոր ծրագրերի իրականացման, ինչպես նաև գիտական հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու համար՝ խորացնելով հայ-ռուսական ակադեմիական համագործակցությունը։


