ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

2025 թվականների հաշվետու ժամանակահատվածը մեծապես համընկավ Արևելագիտության ինստիտուտի միջազգային կապերի ընդլայնման, գիտակրթական նախաձեռնությունների բազմապատկման և մասնագիտական բանախոսությունների ակտիվացման հետ։

Հաշվետու տարում Արևելագիտության ինստիտուտը կնքել է տասը համագործակցության պայմանագիր, որոնցից հինգը՝ հանրապետական, հինգը՝ միջազգային։

Մարզային բուհերի հետ համագործակցությունը Արևելագիտության ինստիտուտի ընտրած նոր ռազմավարությունն է, որի շնորհիվ փորձ է արվելու նպաստել Հայաստանում գիտության համաչափ զարգացմանը։ Միջազգային հուշագրերը և պայմանագրերը նախատեսված են մասնագիտական փոխանակումների, համատեղ հետազոտական նախագծերի, գիտաժողով-աշխատաժողովների և հրատարակչական համագործակցությունների համար։ Ողջ 2025 թ․ Արևելագիտության ինստիտուտում ակտիվորեն իրականացվել են դասընթացներ, գիտնականների հանդիպումներ և ընդլայնված միջոցառումներ։ Ինստիտուտում անվճար հիմունքներով դասավանդվել է պարսկերեն։

Արևելագիտության ինստիտուտի աշխատակիցները ակտիվորեն մասնակցել են միջազգային գիտաժողովների արտերկրում, այդ թվում՝ Չինաստանում, Հունգարիայում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Վրաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ուզբեկիստանում, Իտալիայում, Իսպանիայում և այլն։

Հաշվետու տարում Արևելագիտության ինստիտուտի աշխատակիցների ջանքերով Գիտության կոմիտեի հինգ ծրագրի հաղթող են դարձել, ինչպես նաև Բուլղարիայի ակադեմիայի հետ համատեղ մրցույթի շրջանակում Արևելագիտության ինստիտուտը իրականացնելու է համատեղ ծրագիր։ Արևելագիտության ինստիտուտը մեծ ջանքեր է ներդնում նաև երիտասարդներին գիտության ոլորտ ներգրավելու համար և 2025 թ․ МФГС ծրագրերի հաղթողներից է եղել, որի շնորհիվ 2026 թ․ կիրականացնի Երիտասարդ արևելագետների միջազգային գիտաժողով։

Ընդհանուր առմամբ ինստիտուտում իրականացվում է 11 գիտահետազոտական դրամաշնորհային ծրագիր, որոնց շարքում են «Առաջատար գիտաշխատողների աջակցության ծրագիրը», «Հեռավար լաբորատորիայի հիմնադրման ծրագիրը», «Գիտական ստորաբաժանումների ամրապնդման ծրագիրը»։ Արևելագիտության ինստիտուտն ակտիվորեն մասնակցում է նաև COST Action-ի ծրագրերին։

Հաշվետու տարում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատողներ Ա․ Քոսյանը և Ե․ Գրեկյանը դարձել են ՀՀ ԳԱԱ 2025 թ․ մրցանակի դափնեկիրներ։

2025 թ․ ընթացքում Արևելագիտության ինստիտուտի աշխատակիցների ջանքերով տպագրվել է 8 մենագրություն, 46 գիտական հոդված, որոնցից 17-ը՝ ՄԳՇ ամսագրերում։ Կազմակերպվել են միջազգային և հանրապետական գիտաժողովներ, աշխատաժողովներ։

Քսան երիտասարդ հետազոտող ատեստավորվել են, Ինստիտուտ են ընդունվել երեք ասպիրանտ և վեց հայցորդ։ Վեց հետազոտող հանձնել են մասնագիտական որակավորման քննությունները, մեկ ասպիրանտ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։

Հաշվետու տարում Արևելագիտության ինստիտուտը շուրջ 500 գիրք է նվիրաբերել Շիրակի, Գավառի, Վանաձորի, Գորիսի պետական համալսարաններին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին, Կաճառ գիտական կենտրոնին, ՌԴ Յարոսլավլի մարզի Նաիրի հայկական համայնքին, ինչպես նաև ՌԴ Կոստրոմայի հայկական կիրակնօրյա դպրոցին։ Ամենօրյա աշխատանքի շնորհիվ միայն 2025 թ․ թվայնացվել է 1087 անուն գրականություն, որոնք առկա են Ինստիտուտի էլեկտրոնային գրադարանում։

Ինստիտուտում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, ձեռք է բերվել անհրաժեշտ գույք։ Ողջ 2025 թ․ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը մեծ ակտիվությամբ իրականացրել է նաև գիտության հանրայնացման աշխատանքներ՝ Ինստիտուտի պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում։