ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գրադարանային ֆոնդը համալրվել է Ճապոնիային վերաբերող 137 մասնագիտական գրքով։ Նվիրատվությունը ներառում է հրատարակություններ, որոնք վերաբերում են Ճապոնիայի քաղաքականությանը, տնտեսությանը, մշակույթին, հասարակական զարգացմանը և լեզվաբանությանը՝ ներկայացնելով ոլորտի արդիական և գիտականորեն արժեքավոր նյութեր։

Գրքերը տրամադրվել են միջազգային READ JAPAN PROJECT ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Տոկիոյի հիմնադրամի կողմից՝ The Nippon Foundation-ի ֆինանսական աջակցությամբ։

Ստացված գրականությունը կարևոր ներդրում է ինստիտուտի գիտահետազոտական գործունեության զարգացման, ճապոնագիտության ուղղությամբ իրականացվող ուսումնասիրությունների խորացման, ինչպես նաև երիտասարդ հետազոտողների և ուսանողների մասնագիտական կարողությունների ընդլայնման գործում՝ նպաստելով ոլորտի ակադեմիական ռեսուրսների հարստացմանն ու միջազգային չափանիշներին համահունչ գիտական միջավայրի ձևավորմանը։

Հատկանշական է, որ նախաձեռնության իրականացման գործում էական դեր է ունեցել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, ճապոնագետ Եվա Հարությունյանը, որի նախաձեռնողականության և համադրված ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել ծրագրի արդյունավետ կազմակերպումն ու նվիրատվության իրականացումը։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը բարձր է գնահատում նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպանության հետևողական աջակցությունն ու բարեկամական վերաբերմունքը՝ ինստիտուտի գործունեությանը սատարելու և հայ-ճապոնական գիտակրթական համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

Նվիրատվությունը ևս մեկ վկայություն է երկու երկրների միջև ձևավորված փոխվստահության, ակադեմիական գործընկերության և մշակութային երկխոսության շարունակական զարգացման մասին։