ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Մարտի 26-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում հյուրընկալվեցին Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչներ։ Այցը կազմակերպվել է երկու ակադեմիաների համատեղ՝ «Հայ–բուլղարական մշակութային փոխհարաբերությունները պատմության ընթացքում և մեր օրերում» (ՀՀ ԳԱԱ – ԲԳԱ, 2026–2027 թթ․) նախագծի շրջանակում։

Հայկական կողմի համակարգողն է պ․ գ․ դ․, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, իսկ բուլղարական կողմից՝ Բալկանիստիկայի և Թրակոլոգիայի կենտրոնի տնօրեն Ռումյանա Պրեշլենովան։ Խմբի անդամներն են Արևելագիտության ինստիտուտից գիտաշխատող Գեորգի Միրզաբեկյանը և Սոնա Վարդանյանը, իսկ Բուլղարիայից՝ Ալեքսանդրա Միլանովան և Կալոյան Կոնստանտինովը։

Նախագծի նպատակն է հիմք դնել Հայաստանի և Բուլղարիայի գիտական հաստատությունների միջև երկարաժամկետ համագործակցության: Այն միտված է համատեղել երկու երկրների գիտական ներուժը, մեթոդաբանական մոտեցումները և մասնագիտական փորձառությունը՝ բացահայտելու մշակութային փոխհարաբերությունների պատմական, սոցիալական և գաղափարական հիմքերը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ինստիտուտների միջև համագործակցության զարգացման ուղիները, ինչպես նաև հայերի և բուլղարների պատմական և արդի մշակութային առնչությունները։ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը կարևորեց նման նախաձեռնությունները՝ գիտական կապերի ամրապնդման տեսակետից։ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ ծրագրի շրջանակում համագործակցությունը ոչ միայն կնպաստի գիտական արդյունքների ձեռքբերմանը, այլև կխթանի Հայաստանի և Բուլղարիայի միջև կայուն գիտական գործընկերության ընդլայնումն ու միջմշակութային փոխըմբռնման խորացումը։

Ռումյանա Պրեշլենովան ընդգծեց հանդիպման կարևորությունը՝ նշելով, որ այն նպաստում է հայ–բուլղարական գիտական կապերի խորացմանն ու պատմական և արդի մշակութային փոխառնչությունների ամբողջական պատկերացմանը։

Խմբի անդամները առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կշարունակեն աշխատանքը նախագծի ուղղությամբ։