
Սեպտեմբերի 9-11-ը Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց «Եվրոպայի պատկերացումները Հնդկաստանի մասին. տեքստեր, պատկերներ և փոխառնչություններ» (ESIND -Europe’s Representations of India: Texts, Images and Encounters) COST Action-ի (European Cooperation in Science and Technology - Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցություն) 2-րդ գլխավոր համաժողովը, որը Հայաստանում հումանիտար գիտությունների ոլորտում COST ծրագրի շրջանակում կազմակերպված առաջին նման ձևաչափի միջոցառումն էր։ Արևելագիտության ինստիտուտում անցկացված համաժողովին մասնակցեցին ավելի քան 50 գիտնականներ և հետազոտողներ Եվրոպայի տարբեր երկրներից, Հնդկաստանից և Հայաստանից։ Երեք օր շարունակ մասնագետները քննարկեցին ոչ միայն Հնդկաստանի պատմությանն ու մշակույթին վերաբերող առանձին թեմաներ, այլև՝ ինչպես է Հնդկաստանն ընկալվել, ուսումնասիրվել և ներկայացվել Եվրոպայում տարբեր ժամանակաշրջաններում ու մշակութային միջավայրերում։
ESIND COST Action-ի առանցքային նպատակներից է Հնդկաստանի վերաբերյալ եվրոպական պատկերացումների ձևավորման և փոփոխության գործընթացների հետազոտումը՝ ուշադրություն դարձնելով տեքստերին, պատկերներին, մշակութային փոխազդեցություններին և գիտելիքի շրջանառությանը։ Սա միջգիտակարգային հարթակ է, որտեղ Հնդկաստանի ուսումնասիրությունը դիտարկվում է եվրոպական մտավոր, մշակութային և գիտական պատմության հետ փոխկապակցված ոլորտ։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչպես են տարբեր հասարակություններ ճանաչել միմյանց, ինչպես է ձևավորվել գիտելիքը «մյուսի» մասին, և ինչ դեր են ունեցել գրականությունը, արվեստը, պատմագրությունն ու ակադեմիական հետազոտությունները այդ գործընթացում։
Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը։ Նա ընդգծեց, որ գիտական համագործակցությունը պետք է դուրս գա ազգային սահմաններից՝ հավելելով. «Արևելագիտության ինստիտուտը կարող է հանդես գալ որպես միջգիտակարգային երկխոսության հարթակ և կապող կամուրջ»։ Գ. Իսկանդարյանը կարևորեց նաև գիտական դիվանագիտության դերը՝ նշելով, որ ինստիտուտի բազմամյա գիտական ներուժն ու բազմազան մոտեցումները միտված են հետազոտական արդյունքները պետական քաղաքականության, դիվանագիտական փորձի և տարածաշրջանային գործընթացների հետ կապելուն։
ՀՀ ԱԳՆ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանն անդրադարձավ հայ-հնդկական դարավոր առնչություններին՝ ընդգծելով. «Այս միջոցառումը կնպաստի Հնդկաստանի քաղաքակրթական ժառանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը՝ խրախուսելով Հայաստանի, Հնդկաստանի և Եվրոպայի միջև ակադեմիական ու մշակութային փոխանակումները»։
ՀՀ-ում Հնդկաստանի հյուպատոս Ադիթյա Կումար Պանդեյն իր հերթին նշեց. «Հայաստանը պատմականորեն ծառայել է որպես կամուրջ տարբեր քաղաքակրթությունների ու մտավոր ավանդույթների միջև։ Հնդկաստանի և Եվրոպայի միջև ձևավորված պատմական կապերն ու փոխառնչություններն էլ ավելի են խթանել գիտական փոխանակումներն ու փոխադարձ հետաքրքրությունը»։
COST Action ESIND-ի ղեկավար, Լիբերեցի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Մարտին Ֆարեկը համաժողովը որակեց որպես կարևոր հանգրվան ծրագրի շրջանակում՝ վստահություն հայտնելով, որ Երևանում ձևավորված գիտական կապերը նոր թափ կհաղորդեն համատեղ հետազոտություններին, թարգմանչական նախագծերին և միջազգային հրատարակություններին։
Իր ողջույնի խոսքում COST Action ESIND-ի համաղեկավար Յաքուբ դե Ռուվերն ընդգծեց, որ հայերը պատմականորեն անփոխարինելի միջնորդ են եղել Եվրոպայի և Հնդկաստանի միջև երկխոսության ու փոխըմբռնման ձևավորման գործում։ Նա նշեց, որ առանց հայկական այդ դերակատարման ուսումնասիրության՝ անհնար է ամբողջական պատկերացում կազմել հնդկա-եվրոպական առնչությունների խորության մասին։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև COST Action ESIND 2-րդ գլխավոր համաժողովի կազմակերպիչ, Արևելագիտության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Քնարիկ Սարգսյանը։ Նա ընդգծեց, որ Երևանը լավագույն հարթակն է Եվրոպայի ու Հնդկաստանի միջև պատմամշակութային երկխոսության համար, իսկ համաժողովը լավագույնս արտացոլում է ESIND-ի գաղափարը՝ տարբեր երկրներ, գիտակարգեր ու մոտեցումներ համախմբելով տևական համագործակցության շուրջ։ Ք․ Սարգսյանը նաև հույս հայտնեց, որ հագեցած գիտական ու մշակութային ծրագիրը մասնակիցներին հնարավորություն կտա բացահայտելու Հայաստանն ու հայ-հնդկական պատմական առնչությունների ուշագրավ դրվագները։
Գիտական քննարկումներին զուգահեռ՝ մասնակիցների համար կազմակերպվել էր հագեցած մշակութային ծրագիր, որի նպատակն էր միջազգային գիտական հանրույթին ներկայացնել Հայաստանի պատմամշակութային ժառանգությունն ու հայ-հնդկական պատմական առնչությունները։ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության աջակցությամբ մասնակիցներն այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ՝ ծանոթանալու Հնդկաստանի մշակույթին նվիրված հատուկ ցուցադրությանն ու հայկական արվեստի գլուխգործոցներին։ Առանձնահատուկ էր այցելությունը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, որտեղ միջազգային հետազոտողներն անմիջականորեն հաղորդակից դարձան հայկական բազմադարյա ձեռագրական ժառանգությանը և հայոց գիտական ու գրական ավանդույթի ձևավորման միջավայրին։
Միջոցառման անցկացումը Երևանում կարևոր նախադեպ է ինչպես միջազգային գիտական համագործակցության ընդլայնման, այնպես էլ՝ հայկական արևելագիտության զարգացման տեսանկյունից։ Հայաստանն ու Հնդկաստանն ունեն բազմաշերտ պատմամշակութային առնչություններ, իսկ ժամանակակից փուլում երկու երկրների միջև ձևավորվող քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը նոր հնարավորություններ են բացում ակադեմիական համագործակցության համար։ Հնդկաստանի ուսումնասիրությունը հայկական արևելագիտության առանցքային ուղղություններից է, և ESIND-ի հյուրընկալումը նպատակ ունի Հայաստանը դարձնել եվրոպական և միջազգային հնդկագիտական ցանցերի առավել ակտիվ մասնակից։
Արևելագիտության ինստիտուտի համար համաժողովի անցկացումը նաև կարևոր քայլ է COST Action-ների շրջանակում հայ հետազոտողների ներգրավվածությունը մեծացնելու, եվրոպական գիտական նախագծերին միանալու և համատեղ հետազոտություններ իրականացնելու ճանապարհին։ Երևանյան համաժողովը ցույց տվեց, որ հումանիտար գիտությունների միջազգային համագործակցությունը կարող է միաժամանակ ծառայել գիտական գիտելիքի զարգացմանը, մշակութային երկխոսությանն ու Հայաստանի՝ որպես միջազգային գիտական ակտիվ հարթակի դիրքավորմանը։
Արևելագիտության ինստիտուտի տնօրինությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությանը՝ ցուցաբերած աջակցության և Ազգային պատկերասրահ այցելությունը հնարավոր դարձնելու համար, Մատենադարանի տնօրինությանը՝ այցելությունը բարձր մակարդակով կազմակերպելու և ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև Պատմության ինստիտուտին՝ համաժողովին աջակցելու համար։


