ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ 2023 թ. հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ «Մերձավոր Արևելքի արաբական երկրների հայ համայնքներ. արդի միտումներ և փոխակերպումներ» թեմայով: Գիտաժողովի կազմակերպման հստակ ամսաթիվը մասնակիցներին կծանուցվի ավելի ուշ:
2011 թ.-ից արաբական տարբեր երկրներում ընթացող ներքին փոխակերպման գործընթացներն ու տարածաշրջանային փոփոխություններն առաջ բերեցին անկայունություն և անվտանգային խնդիրներ, որոնք լուրջ հետևանքներ ունեցան նաև արաբական առանձին երկրների հայ համայնքների համար: Կուտակված խնդիրները մեծապես նպաստեցին արաբական երկրներից, մասնավորապես Սիրիայից, Լիբանանից, Իրաքից և այլն, հայերի արտահոսքին, որն էլ իր բացասական ազդեցությունն ունեցավ համայնքների թվաքանակի, ինչպես նաև համայնքային հոգևոր և աշխարհիկ կառույցների բնականոն աշխատանքի ապահովման վրա:
Տարածաշրջանային արդի վերափոխումների և զարգացման միտումների առանցքում հայ համայնքների բնականոն գոյության, նյութական և հոգևոր արժեքների պահպանման, ինքնության հիմնահարցերի և համայնքների առջև ծառացած հիմնախնդիրների քննարկումը, միջազգային գիտաժողովի ձևաչափով, ունի ինչպես գիտական, այնպես էլ քաղաքական և կիրառական արդիականություն և կարևոր նշանակություն:
Գիտաժողովը նպատակ ունի դիվանագիտական և ակադեմիական շրջանակների մեկտեղմամբ (արտերկրից հետազոտողների ներգրավմամբ) գիտական դիվանագիտության հարթակում (platform of Science diplomacy), ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հովանու ներքո քննարկել արդի փուլում կերպափոխվող տարածաշրջանում հայ համայնքների զարգացման միտումները, առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները, դրանց լուծման հնարավորություններն ու գործիքակազմերը:
Գիտաժողովի թեմատիկ խնդիրները՝
- Արաբական երկրների հայ համայնքների զարգացման առանձնահատկությունները․ մարտահրավերներ և հեռանկարներ
- Արաբական երկրների հայ համայնքների հեռանկարը տարածաշրջանային փոխակերպումների համատեքստում
- Հայաստանի Հանրապետության և արաբական երկրների հայ համայնքների փոխգործակցությունը․ արդի խնդիրներ
- Արաբական երկրների հայ համայնքների մշակութային կյանքի զարգացման առանձնահատկությունները
- Ինքնության հիմնահարցեր և փոխակերպումներ
Միջազգային գիտաժողովի նյութերը՝ հայերեն և անգլերեն, կտպագրվեն առանձին հատորով: Յուրաքանչյուր զեկուցման նյութ կունենա DOI-ի:
Զեկուցման հայտերը՝ համառոտագիր մինչև 350 բառ՝ հայերեն և անգլերեն, հեղինակի տվյալները՝ անուն, ազգանուն, աշխատանքի վայր, գիտական կոչում, աստիճան և կարճ ինքնակենսագրություն, կարող են ուղարկվել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի աշխատակցուհի Աննա
Անտոնյանին՝ հետևյալ էլ. հասցեով՝ antonyananna235@gmail.com: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի սեպտեմբերի 5-ը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, արաբերեն: