ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրեն
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
«Սիրիացի փախստականների ճգնաժամը. տարածաշրջանայինից մինչև գլոբալ մարտահրավերներ» միջազգային գիտաժողով
«Սիրիացի փախստականների ճգնաժամը. տարածաշրջանայինից մինչև գլոբալ մարտահրավերներ» միջազգային գիտաժողով



Սեպտեմբերի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի կլոր դահլիճում տեղի ունեցավ «Սիրիացի փախստականների ճգնաժամը. տարածաշրջանայինից մինչև գլոբալ մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը:
Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան Արևելագիտության ինստիտուտի, Ճապոնիայի 3 համալսարանների, Մեծ Բրիտանիայի Էքզեթերի համալսարանի, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հետազոտողներ:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կազմակերպեց միջդիսցիպլինար միջազգային գիտաժողով, որի ընթացքում քննարկվեցին մի կողմից մերձավորարևելյան հետազոտություններին, իսկ մյուս կողմից՝ միգրացիային և փախստականների հիմնախնդիրներին առնչվող հիմնահարցեր: Գիտաժողովում քննարկվեցին սիրիացի փախստականների խնդիրները տարբեր երկրների՝ Լիբանանի, Գերմանիայի, Թուրքիայի, Իտալիայի, Ճապոնիայի ներքին և արտաքին քաղաքական օրակարգերի, ինչպես նաև աշխարհքաղաքական զարգացումների համատեքստում, փախստականների տեղաշարժերի առանձնահատկությունները, էթնիկ և կրոնադավանական գործոնները, նրանց վերադարձի հնարավորությունները, Սիրիայի հայ համայնքի խնդիրները:
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ ՀՀԳԲ ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Գիտաժողովին ներկա են Ազգային ժողովի պատգամավորներ Գոռ Գևորգյանը, Հովհաննես Իգիթյանը, ՀՀ Անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ ու դիվանագետներ:

***

Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների հետևանքով Եվրոպայում ծագած միգրացիոն ճգնաժամը համարվում է ամենախոշորը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում 2011թ. սկսված հակամարտության հետևանքով մահացել է մոտ կես միլիոն մարդ, ավելի քան 12 միլիոն մարդ լքել է իր տունը, որոնցից 5,5 միլիոնը դարձել են փախստական, իսկ 6,3 միլիոնը՝ ներքին տեղահանված:
Սիրիական ճգնաժամն ու փախստականների խնդիրն առնչվում է Հայաստանի Հանրապետությանը ևս։ Բացի այն, որ Հայաստանի Հանրապետությունը մտահոգված է բարեկամ Սիրիայում պատերազմական գործողությունների ընթացքով, Սիրիայում գոյություն ունի մեծաքանակ հայ համայնք։
Սիրիահայ համայնքը պատերազմի հետևանքով կրել է մարդկային, նյութական և այլևայլ կորուստներ։ Ավերվել են հայկական ազգային հաստատություններ, այդ թվում՝ հայկական եկեղեցիներ ու դպրոցներ, հայերի շրջանում մեծացել են արտագաղթի և հարկադիր տեղահանման ծավալները։
Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետությունը համարվում է սիրիական պատերազմի հետևանքով հարկադիր տեղահանված՝ հիմնականում հայկական ծագում ունեցող անձանց և փախստականների հյուրընկալող երկիր։ Պատերազմից հետո Հայաստանում հաստատվել են մոտ 22-25 հազար հայեր։ Հայաստանի կառավարությունը պատերազմից հետո մշակել է Հայաստանում սիրիահայերի աջակցության ու ինտեգրման առանձին ծրագրեր։ Ընդունած սիրիացի փախստականների թվով Հայաստանը՝ որպես հյուրընկալող երկիր, իր բնակչության թվի համեմատ, Եվրոպայում երրորդ երկիրն է՝ զիջելով միայն Գերմանիային և Շվեդիային։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ

. title=
Copyright © 2008-2019; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)