ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրեն
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Մեր մասին
Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա
Արևելագիտության ինստիտուտ


Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը (ՀՀ ԳԱԱ ԱԻ) հիմնվել է 1971թ., դեռևս, 1958 թ. ստեղծված արևելագիտական սեկտորի հիմքի վրա: Հայաստանում արևելագիտական կենտրոնի ստեղծման գործում մեծ են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Մ.Գ. Ներսիսյանի, պրոֆ. Հ.Գ. Ինճիկյանի (սեկտորի ղեկավար 1958-1971թթ.), ինստիտուտի առաջին տնօրեն (1971-1994թթ.) ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գ.Խ. Սարգսյանի, 1995-2006թթ. տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ն.Հ. Հովհաննիսյանի ծառայությունները: 2006թ.-ից ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենն է պրոֆեսոր Ռ.Ա. Սաֆրաստյանը:
Արևելագիտության ինստիտուտը ուսումնասիրում է Մերձավոր և Միջին Արևելքի, Կովկասի, Արևելյան Ասիայի երկրների ու ժողովուրդների պատմությունը, սոցիալ-քաղաքական, միջազգային և տարածաշրջանային հարաբերությունները, մշակույթը, կրոնը, ազգային փոքրամասնությունների և էթնիկական խմբերի խնդիրները և այլն, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Աշխարհագրական առումով նման ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Մերձավոր և Միջին Արևելքը և Կովկասը Հայաստանի անմիջական հարևան տարածաշրջանն է, Հայաստանի հին և նոր պատմությունը սերտորեն միահյուսված է ասորեստանցիների, բաբելոնցիների, խեթերի, պարսիկների, բյուզանդացիների, վրացիների, աղվանների, արաբների, քրդերի, թուրքերի և այլ ժողովուրդների պատմությանը: Բացի այդ, արաբական երկրներում, Իրանում, Թուրքիայում, Վրաստանում և Հյուսիսային Կովկասում գոյություն ունեն հայ համայնքներ:
Ինստիտուտն ունի հետևյալ հետազոտական բաժինները` Հին Արևելքի, Քրիստոնյա Արևելքի, Արաբական երկրների, Թուրքիայի, Իրանի, Արևելյան Ասիայի երկրների և Քրդագիտական ուսումնասիրությունների խումբը:
Հին Արևելքի բաժնում ուսումնասիրում են Միջագետքի, Փոքր Ասիայի և Հայկական լեռնաշխարհի պետութունների պատմությունը, էթնիկական, սոցիալ-տնտեսական, լեզվա-մշակութային, ինչպես նաև հելլենիզմի հարցերը:
Քրիստոնյա Արևելքի բաժնի ուշադրության կենտրոնում է արևելյան քրիստոնյա համայնքների, Վրաստանի միջնադարյան և նոր պատմության, հայ-վրացական և հայ-բյուզանդական հարաբերությունների, Աղվանքի պատմության, կովկասյան էթնոմշակութային աշխարհի, ինչպես նաև արևելյան եկեղեցիների և միջեկեղեցական հարաբերությունների զանազան հարցերի ուսումնասիրությունը:
Արաբական երկրների բաժնում հետազոտվում են Արաբական Արևելքի երկրների (Եգիպտոս, Սիրիա, Իրաք, Լիբանան և այլն) միջնադարյան, նոր և նորագույն պատմության, ազգային–ազատագրական շարժումների, գաղութային տիրապետության վերացման և արաբական երկրների անկախության նվաճման, միջազգային և միջարաբական հարաբերությունների, իսլամի և գաղափարախոսության տարատեսակ պրոբլեմներ:
Թուրքիայի բաժնում ուսումնասիրվում են Օսմանյան կայսրության և Թուրքիայի քաղաքական պատմությունը, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավական վիճակը, Հայկական հարցը և Հայոց ցեղասպանությունը, Մեծ տերությունների քաղաքականությունը, ժամանակակից Թուրքիայի զարգացման առանձնահատկությունները, օսմանիզմի, պանթուրքիզմի, պանիսլամիզմի, քեմալիզմի, նեոօսմանիզմի և նեոպանթուրքիզմի հարցերը:
Իրանի բաժնում` պատմության, ներքին և արտաքին քաղաքականության, ագրարային հարաբերությունների և իսլամական հեղափոխության արդիական խնդիրների հետ միասին, մշակվում են նաև պարսկական դասական և ժամանակակից գրականության տարաբնույթ հարցեր:
Արևելյան Ասիայի երկրների բաժնում ուսումնասիրվում են Չինաստանի, Ճապոնիայի արդի պատմության խնդիրները, արտաքին քաղաքական միտումները, այդ երկրների տեղն ու դերը տարածաշրջանային և միջազգային գործընթացներում, ինչպես նաև նշյալ երկրների վարած քաղաքականությունը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում:
Քրդագիտական ուսումնասիրությունների խմբի թեմատիկայում մեծ տեղ է գրավում բանասիրության` լեզվի, գրականության և բանահյուսության ուսումնասիրությունը: Զուգահեռաբար հետազոտվում են քուրդ ժողովրդի պատմության հարցերը, մասնավորապես քրդերը Հայաստանում և նրանց հոգևոր-մշակութային զարթոնքը, հայ-քրդական հարաբերությունները, ինչպես նաև քրդական խնդիրն այսօր (Իրաք, Թուրքիա, Իրան):
Վերոհիշյալ խնդիրների հետ միասին ինստիտուտում աշխատանք է կատարվում արևելյան աղբյուրների ուսումնասիրության ուղղությամբ, մասնավորապես, արաբական, թուրքական, պարսկական և վրացական աղբյուրները հայերի և Հայաստանի մասին և հայկական աղբյուրները արևելյան ժողովուրդների մասին: Ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքներում որոշակի տեղ ունի նաև մերձավորարևելյան երկրների և Կովկասի հայ համայնքների պատմության և սոցիալ-տնտեսական վիճակի, այդ երկրներում նրանց քաղաքական և տնտեսական դերի, ինչպես նաև հարևան երկրների հետ հայ ժողովրդի պատմա-մշակութային դարավոր հարաբերությունների լուսաբանությունը: Նշված ուղղությունների գծով Արևելագիտության ինստիտուտի գիտնականները հրատարակել են բազմաթիվ մենագրական ուսումնասիրություններ, ժողովածուներ և հոդվածներ: Դրանց զգալի մասը, հայերենից բացի, հրատարակվել է ռուսերեն, արաբերեն, պարսկերեն, քրդերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, ճապոներեն և այլ լեզուներով` Ռուսաստանում, Իրաքում, Քուվեյթում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ճապոնիայում և այլ երկրներում:
Ինստիտուտի հրատարակությունների ցանկում են` «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ», «Մերձավոր Արևելք», «Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ», «Արամազդ» ( ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ), «Արևելաասիական ուսումնասիրություններ» «Կովկաս և Բյուզանդիա», «Հին Արևելք» , «Արևելյան աղբյուրագիտություն» մատենաշարերը:
Իստիտուտը պատրաստում է գիտական կադրեր ասպիրանտուրայի և մագիստրատուրայի միջոցով:
Ինստիտուտում գործում է դոկտորի գիտական աստիճան շնորհող գիտական խորհուրդ` համաշխարհային պատմություն, աղբյուրագիտություն և պատմագրություն մասնագիտությունների գծով:
Ինստիտուտում աշխատում են բարձրորակ մասնագետներ, որոնց ճնշող մեծամասնությունն ունի գիտական աստիճան:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը գիտական լայն կապեր ունի արտասահմանյան բազմաթիվ հեղինակավոր գիտական կենտրոնների հետ` մասնագետների, գրականության և ինֆորմացիայի փոխանակություն, դասախոսություններ, կադրերի պատրաստում, ատենախոսությունների պաշտպանություն և այլն:
Ինստիտուտը համագործակցել է և շարունակում է գիտական աշխատանք կատարել Ենայի, Տրիրի, Ֆրանկֆուրտի (Գերմանիա), Կոպենհագենի (Դանիա), Մերիլանդի (ԱՄՆ), Էկոլ դը Ֆրանս, Մոնպելյեի (Ֆրանսիա) համալսարանների, Դամասկոսի մերձավորարևելյան ֆրանսիական ինստիտուտի (Սիրիա), Չանդիգարհի ինստիտուտի, Դելիի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի (Հնդկաստան) և Չինաստանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի հետ:
Ինստիտուտի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են միջազգային գիտաժողովների (Ամստերդամ, Լեյդեն, Հայդելբերգ, Ֆրանկֆուրտ, Փարիզ, Լոնդոն, Նյու-Յորք, Բեռլին, Մյունստեր, Թեհրան, Բեյրութ, Բաղդադ, Կահիրե, Բերքլի, Լոս-Անջելես, Վաշինգտոն և այլն), այդ թվում և արևելագիտական համաշխարհային կոնգրեսներին (Մոսկվա, Փարիզ, Անկարա, Համբուրգ, Մոնրեալ և այլն): Ինստիտուտի նախաձեռնությամբ մի շարք գիտաժողովներ են հրավիրվել Երևանում, ինչպես «Էյրենե»-ի, արաբագետների համամիութենական 3-րդ (1969) և 4-րդ (1985), թուրքագիտական և Քրիստոնյա Արևելքին, Արևելագիտության ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին (2008) նվիրված կոնֆերանսներ և այլն:
Ինստիտուտում գործում է արևելագիտական մասնագիտացված գրադարան, որը պարունակում է շուրջ 60 հազար միավոր գրականություն` փաստաթղթերի ժողովածուներ, մենագրական ուսումնասիրություններ, հոդվածների ժողովածուներ, գիտական պարբերականներ, օրաթերթեր և այլն, հայերեն, ռուսերեն, վրացերեն, արաբերեն, թուրքերեն, օսմաներեն, պարսկերեն, եբրայերեն, քրդերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներով:

…. Ձեր կողմից ղեկավարվող ինստիտուտը ՀՀ սփյուռքի նախարարության բոլոր ժամանակների լավագույն գործընկերն է եղել: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով, փոխվստահության և գործընկերային հարաբերությունների հիման վրա էլ ավելի կզորացնենք մեր Հայրենիքը: Հետագա տարիներին ևս մեր համագործակցությունը կշարունակվի՝ գիտական հարթությունում բացահայտելով սփյուռքի միտումները: …..

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանին ուղղված 2017 թ. մարտի 24-ի գրություն

…. ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Ռ. Սաֆրաստյանի ղեկավարած Արևելագիտության ինստիտուտի կողմից իրականացվող բարձրորակ աշխատանքը: Աշխարհաքաղաքական ներկա վայրիվերումների, հարափափոխ միջազգային հարաբերությունների արդի դարաշրջանում հատկապես խիստ է զգացվում ճշգրիտ գնահատականի և վերլուծության անհրաժեշտությունը: ….
Արևելագիտության հարցեր, (Գիտական հոդվածների պարբերական ժողովածու) N 10, նվիրվում է ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի ծննդյան 60-ամյակին, Երևան, ԵՊՀ հրատ., 2015:

Պատմություն
Բաժիններ
Գրադարան
Լուսանկարներ
. title=
Copyright © 2008-2017; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)