ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
«Ղազախստանյան թնջուկ․ներքին և արտաքին գործոնները» թեման մասնագիտական քննարկման...
«Ղազախստանյան թնջուկ․ներքին և արտաքին գործոնները» թեման մասնագիտական քննարկման առարկա դարձավ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արևելագետ-հետազոտողների կողմից։
Թուրքական, չինական, իրանական, ՀԱՊԿ-ի գործոնը, նավթագազային գործոնը, արաբական արձագանքը, Ղազախստանում քրդական համայնքի մոտեցումները, քննարկվեցին նոր լույսի ներքո։


2022 թվականին ևս Արևելագիտության ինստիտուտը մեկնարկում է աշխատաժողովների ձևաչափը տարածաշրջանում առկա ճգնաժամների ուսումնասիրությունների վերաբերյալ։ Այս տեսանկյունից խիստ հետաքրքրական էր ս․թ․ հունվարի 31-ին Արևելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի նախաձեռնությունը Արաբական երկրների և Թուրքիայի բաժինների հետ համատեղ «Ղազախստանյան թնջուկ․ ներքին և արտաքին գործոնները» խորագրով քննարկումը։ Թեման քաղաքական և գործնական առումով կարևոր է ՀՀ ազգային շահերի տեսանկյունից։ Առհասարակ, Կենտրոնական Ասիայում ձևավորված ներկա փուլի ճգնաժամային և խրթին իրողությունները մարտահրավեր են ՀՀ անվտանգային միջավայրին։
Քննարկումը վարում էր Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ՝ արաբագետ Արաքս Փաշայանը, ով նշեց, որ ինստիտուտի մասնագետները ճգնաժամը կքննարկեն տարբեր կողմերից, հիմնվելով միջազգային հարաբերությունների հետազոտության միջդիսցիպլինար մեթոդաբանության վրա և փոխլրացնելով քննարկվող թեման՝ հնարավոր կլինի ստանալ ղազախական ճգնաժամի արտաքին և ներքին գործոնների ազդեցության ուսումնասիրման համապարփակ խորապատկերը։
Լուսաբանվեց ճգնաժամին նպաստող ներքին գործոնների ամբողջ գործիքակազմը, այդ թվում՝ Ղազախստանում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ի հայտ եկած համակարգային խնդիրները, որոնք տասնամյակների ընթացքում ստեղծեցին քաղաքացիական ընդվզման քաղաքական և սոցիալական հիմքերը։ Դրանք առնչվում են կլանային և ավտորիտառ համակարգին և դրա համատեքստում Տոկաև-Նազարբաև մրցակցությանը, կոռուպցիայի ահագնացող չափերին, սոցիալական անհավասարությանը և անհամաչափությանը, ուրբանիզացիայի և ժողովրդագրության աճին, ղազախ հայրենադարձների՝ օրալմաների կամ կանդասների (թարգմանաբար՝ հայրենակիցներ) գործոնին, կրթվածության ցածր մակարդակին և այլ հարակից թեմաներին։ Այս խնդիրներին Միջազգային հարաբերությունների բաժնից անդրադարձավ իրանագետ Նազելի Նավասարդյանը։ Բանախոսը կենտրոնացավ նաև ղազախական թնջուկի հարցում Իրանի դիրքորոշման վրա՝ նշելով, որ Թեհրանը, չունենալով իրական հնարավորություն միջամտելու ճգնաժամի հաղթահարմանը, հակված էր պաշտպանել ռուսական նախաձեռնությունը։
Լուսաբանվեց միջազգային հարաբերություններում Ղազախստանի նշանակությունը նավթագազային գործոնի տեսանկյունից, կլանների միջև ռեսուրսների բաշխման հանգամանքները, ղազախական նավթագազային ընկերություններում մասնավորապես՝ բրիտանական և ռուսական ներգրավվածությունը, ղազախական նավթի և գազի արտահանման կոմունիկացիոն հնարավորությունները և այլն։ Այս հարցին Միջազգային հարաբերությունների բաժնից անդրադարձավ Արմեն Մանվելյանը՝ նշելով, որ նավթագազային գործոնի տեսանկյունից ո՛չ Ռուսաստանին և ո՛չ էլ Մեծ Բրիտանիային ձեռնտու չէր Ղազախստանում ցնցումներն ու ստատուս քվոյի փոփոխությունը ։
Ղազախական դեպքերի վերաբերյալ Թուրքիայի, թուրքական էլիտաների, մասնավորապես նախագահ Ռ․ Էրդողանի, նրա վարչակարգի դիրքորոշման, թուրքական հասարակական կարծիքի, «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) գործոնին և առհասարակ՝ Կենտրոնական Ասիայում պանթյուրքիզմի հեռանկարներին հանգամանորեն անդրադարձավ Թուրքիայի բաժնի վարիչ՝ թուրքագետ Լևոն Հովսեփյանը։ Նա նշեց, որ Թուրքիան ակնկալում էր, որ Ղազախստանի իշխանությունները կդիմեն Անկարային կամ ԹՊԿ-ին՝ օգնության խնդրանքով կամ առնվազն ցանկանում էր հնարավորինս լայն մասնակցություն ունենալ ներղազախական ճգնաժամի հաղթահարման հարցում՝ Ղազախստանը համարելով թյուրքական աշխարհի մաս։ Սակայն արդյունքում հաջողեց Մոսկվան՝ ի դեմս ՀԱՊԿ-ի։ Այսինքն՝ թուրքական կողմը պատրաստ չէր ղազախական մարտահրավերին։
Ղազախական ճգնաժամում ՀԱՊԿ-ի և ՀԱՊԿ-ում ՀՀ ներգրավվածության, ինչպես նաև Ղազախստանում Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական շահերին հանգամանորեն անդրադարձավ Արաբական երկրների բաժնի վարիչ, արաբագետ Լիլիթ Հարությունյանը։ Նա նշեց, որ ինչքան էլ ռուսական ներգրավվածությունը միջազգային հանրության կողմից ընդունվեց ոչ միանշանակ, սակայն իրադրության կարգավորման նախաձեռնությունը իր ձեռքը վերցրած Ռուսաստանը ապացուցեց, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը կարող է դառնալ արդյունավետ մեխանիզմ՝ սպասարկելու ռուսական շահերը։ Նա նշեց, որ Մոսկվան գիտակցում էր, որ Ղազախստանում ՀԱՊԿ-ի առաքելությունը պետք է ավարտվեր սեղմ ժամկետներում և այդպես էլ եղավ՝ հունվարի վեցից մինչ տասնհինգը։ Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ի կազմում ռուսական նախաձեռնությանը դեմ գնալու այդքան էլ այլընտրանք չուներ և շահեկանորեն ներգրավվեց ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանության գործում։
Չինական գործոնին Միջազգային հարաբերությունների բաժնից հանգամանորեն անդրադարձան չինագետներ Աղավնի Հարությունյանը և Արամ Աբաջյանը։ Նրանք նշեցին, որ չնայած Պեկինը գոնե հրապարակային կերպով նույնպես ակնկալում էր, որ Ղազախստանի իշխանությունները կդիմեն օգնության խնդրանքով, սակայն գիտակցում էր, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև գոյություն ուներ ներքին պայմանավորվածություն Ղազախստանում դերերի բաշխման վերաբերյալ։ Ըստ այդմ՝ Ռուսաստանը պարտավորված էր զբաղվել անվտանգային խնդիրներով, իսկ Պեկինը՝ առավելապես տնտեսական՝ ձգտելով անխափան աշխատեցնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհն» ու չինական հետաքրքությունների ծիրում գտնվող այլևայլ նախաձեռնություններ։ Հետազոտողները նշեցին, որ «Շանհայի համագործակցության կազմակերպությունը» չուներ անհրաժեշտ ռազմաքաղաքական գործիքակազմ և պատրաստ չէր միջամտելու ներղազախական ճգնաժամի հաղթահարմանը, եթե դրան ավելացնենք այն, որ օդուժի օգտագործման դեպքում չինարենի չիմացությունը խնդրահարույց էր։
Արաբական աշխարհում ղազախստանյան խնդիրների վերաբերյալ հասարակական-քաղաքական դիրքորոշումներին Արաբական երկրների բաժնից մանրամասն անդրադարձավ արաբագետ Արարատ Կոստանյանը։ Նա նշեց, որ չնայած արաբական պետություններն ի պաշտոնե չարձագանքեցին ղազախական դեպքերին, սակայն շատ բազմակողմ քննարկումներ ծավալվեցին մամուլում և փորձագիտական դաշտում, որոնցից յուրաքանչյուրն ուներ քաղաքական հստակ կողմնորոշում։ Ըստ այդմ՝ քննարկվում էր ղազախական ճգնաժամի ընդհանրությունը «արաբական գարնան» դեպքերին, «գունավոր հեղափոխության» վարկածը, աշխարհաքաղաքական դերակատարների՝ Ղազախստանում ունեցած շահերն և միջամտության հնարավորությունները, միջազգային ահաբեկչության ներգրավվածության հնարավորությունը, ՀԱՊԿ-ի և դրա համատեքստում Հայաստանի գործոնը և այլ առնչվող հարցեր։
Թուրքիայի բաժնից հատկապես հետաքրքրական էր թուրքագետ-քրդագետ Տաթևիկ Մանուկյանի զեկուցումը՝ նվիրված ճգնաժամի նկատմամբ Ղազախստանի քրդական հանրույթների դիրքորոշմանը։ Բանախոսը հանգամանորեն ներկայացրեց նախ՝ Ղազախստանում քրդական համայնքների առանձնահատկությունները, դրանց միջև գոյություն ունեցող տարբերությունները քաղաքական կողմնորոշումների առումով։ Բանախոսը նշեց, որ քրդական համայնքը Ղազախստանում սկսել է ձևավորվել 1930 -ականներից ի վեր Թուրքիայից, Հայաստանից և Ադրբեջանից պատմական տարբեր ժամանակներում ներգաղթի արդյունքում։ Ափոփման մեջ բանախոսը նշեց, որ քրդական հանրույթն, ընդհանուր առմամբ, աջակցում էր իշխանությանը, հետևաբար՝ ռուսական միջամտությանը։
Ամփոփման ընթացքում բանախոսները հանգեցին հետևյալ եզրակացությանը, որ՝
• Ղազախական ճգնաժամը սկիզբ առավ սոցիալական խնդիրների պատճառով, սակայն կարճ ժամանակում վերաճեց անկարգությունների՝ սկզբնավորելով ներիշխանական խմորումներ ու պայքար իշխանության համար․ ապացույցը մի շարք պաշտոնաթողություններն էին, ինչի հետևանքով Նազարբաևի դիրքերը թուլացան։
• Ղազախստանում ռուսական նախաձեռնությունը գործնականում այլըտրանք չուներ, հետևաբար տարածաշրջանում իրենց շահերն ու հետաքրքրությունները պաշտպանող ուժային կենտրոնները, այդ թվում՝ Թուրքիան, Չինաստանը և Արևմուտքը, հետաքրքրված էին Ղազախստանում կայունության վերականգնմամբ՝ թեև հրապարակայնորեն քննադատեցին Մոսկվային շատ դեպքերում ամենակոշտ ձևերով։
• Ղազախստանում ձևավորված ներքաղաքական ճգնաժամին ՀԱՊԿ-ի գործիքակազմով Ռուսաստանի միջամտությունն ապացուցեց, որ Ղազախստանի հարցում Մոսկվան ի դեմս ՀԱՊԿ-ի, ունի ազդեցիկ լծակներ։
• ՀԱՊԿ-ի կազմում Հայաստանի մասնակցությունը թերևս այլընտրանք չուներ, եթե հաշվի առնենք Երևանի որոշակի կախվածությունը Մոսկվայից, չնայած Հայաստանի իշխանությունների հիմնավորումները, մասնավորապես՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և խաղաղապահության հետ կապված, միջազգային հանրությունը միանշանակ չընկալեց։
• Ճգնաժամի հաղթահարումից հետո Ղազախստանի իշխանությունները, ի դեմս Տոկաևի, կշարունակեն հավասարակշռված քաղաքականություն վարել մի կողմից՝ Թուրքիայի, մյուս կողմից՝ Չինաստանի հետ, սակայն ռուսական վեկտորը ձեռք կբերի որոշակի առաջնահերթություն։

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)