ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
2022 թ. մարտի 16-ին «Հյուրընկալելով դեսպաններին» խորագրով հանդիպում-քննարկումների շրջանակում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության...
2022 թ. մարտի 16-ին «Հյուրընկալելով դեսպաններին» խորագրով հանդիպում-քննարկումների շրջանակում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպան (2009-2018 թթ.), ՀՀ Արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ պր. Արմեն Մելքոնյանին ու ՀՀ-ում և Վրաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պր. Բահա Դեսուկիին: Քննարկման խորագիրն էր «Հայ-եգիպտական հարաբերությունները. արդի միտումներ և հեռանկարներ»: Այն նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին:
Հանդիպման ընթացքում պարոն Մելքոնյանն ընդհանուր գծերով ներկայացրեց Հայաստան-Եգիպտոս քաղաքական, առևտրատնտեսական և գիտակրթական հարաբերությունների զարգացման արդի միտումները, դրանց առանձնահատկություններն ու հեռանկարները: Նա նշեց, որ անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի և Եգիպտոսի միջև հաստատվել է քաղաքական սերտ երկխոսություն, տեղի են ունեցել բազմաթիվ երկկողմ հանդիպումներ: Տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման ձգտումը երկու կողմերի առաջնահերթություններից է: Եգիպտոսի և Հայաստանի միջև առկա է լիարժեք փոխվստահություն և միջազգային տարբեր հարթակներում միմյանց աջակցելու պատրաստակամություն: Եգիպտոսը մշտապես հավասարակշռված դիրքորոշում ունի Արցախի հակամարտության նկատմամբ և հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում առկա խնդիրների կարգավորման օգտին: Դեսպաննն ընդգծեց, որ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները զիջում են քաղաքական ակտիվ փոխգործակցությանը, բայց այս ուղղությամբ ևս իրականացվում են մի շարք կարևոր քայլեր: Գիտակրթական ոլորտը ևս Հայաստան-Եգիպտոս հարաբերությունների կարևոր բաղադրիչն է և այցած տարիների ընթացքում շուրջ 2000 հայաստանցիներ՝ տարբեր ոլորտի մասնագետներ, հնարավորություն են ունեցել Եգիպտոսում անցնել վերապատրաստում՝ այդ թվում մասնակցել են նաև արաբերեն լեզվի կատարելագործման դասընթացներին: Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններում, որպես կամրջող գործոն, կարևորվեց եգիպտահայ համայնքի դերը, որը թեև թվաքանակով մեծ չէ, սակայն բավական կենսունակ և ակտիվ համայնք է:
Դեսպան Դեսուկին իր ելույթում կարևորեց հայ-եգիպտական պատմական առնչություններն ու կապերը: Մասնավորապես նշեց, որ Ֆաթիմյան շրջանում շուրջ մեկ դար Եգիպտոսի մեծ վեզիրները եղել են հայեր, ինչն աննախադեպ երևույթ է:
Պարոն Դեսուկին անդրադարձավ նաև երկկողմ հարաբերություններում առկա խնդիրներին: Մասնավորապես ընդգծեց, որ զբոսաշրջության ոլորտում երկկողմ ակտիվացմանը խոչընդոտում է եգիպտացիների ՀՀ վիզա ստանալու հետ կապված բարդությունները, որոնց դյուրացման ուղղությամբ այժմ իրականացվում են գործնական քայլեր:
Դեսպանները շնորհակալություն հայտնեցին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտին այս նախաձեռնության համար, հույս հայտնեցին, որ այն կլինի շարունակական: Ընդգծվեց նաև, որ Արևելագիտության ինստիտուտը գիտական և փորձագիտական կարևոր հարթակ է, որտեղ կազմակերպվող հանդիպում-քննարկումները հնարավորություն են տալիս հայ և արաբ դիվանագետներին և հետազոտողներին համատեղ քննարկել տարածաշրջանային արդիական մի շարք հիմնախնդիրներ:
Հանդիպման ավարտին դեսպանները պատասխանեցին մասնագիտական հարցերի, որոնք առնչվում էին նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերափոխումներին, Եգիպտոս-Թուրքիա հարաբերություններին, երկու երկրների միջև վիզաների տրամադրման դյուրացմանն ու առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը միտված երկկողմ քայլերին:

. title=
Copyright © 2008-2022; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)