ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Ս.թ. օգոստոսի 10-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Էրբիլում ՀՀ Գլխավոր Հյուպատոսության համագործակցության արդյունքում կայացավ Իրաքի Քրդստանի Մշակույթի...
Ս.թ. օգոստոսի 10-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Էրբիլում ՀՀ Գլխավոր Հյուպատոսության համագործակցության արդյունքում կայացավ Իրաքի Քրդստանի Մշակույթի և երիտասարդության նախարարի գլխավորած պատվիրակության այցը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա: Պատվիրակությանը սկզբում ընդունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը: Այնուհետև առավել ընդգրկուն ձևաչափով հանդիպում-քննարկում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում: Հանդիպմանը մասնակցեցին նաև Հայաստանում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար (Chargé d'affaires) դր. Սուհեյլան Մ. Խալիլ Ալ-Ջուբուրին, Թունիսի Հանրապետությունում և Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը:
Ողջույնի խոսքում ակադեմիկոս Սուվարյանն անդրադարձավ հայ-քրդական դարավոր բարեկամության ձեռբերումներին, կարևորեց գիտական և մշակութային կապերի հետագա զարգացման հնարավորությունը:
Իր ելույթում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն պ.գ.թ., դոցենտ Ռոբերտ Ղազարյանը ողջունեց հյուրերին, անդրադարձավ հայ և քուրդ ժողովուրդների պատմական սերտ առնչություններին, մասնավորապես Խորհրդային Հայաստանի տարիներին քուրդ ժողովրդի գիտական և մշակութային վերելքին՝ ներկայացնելով քրդական գրական այբուբենի ստեղծումը, քուրդ ժողովրդի կյանքը պատկերող առաջին «Զարե» հայկական համր ֆիլմը, քրդական «Ռիա Թազա» թերթն ու Հայկական ռադիոյի քրդերեն հեռարձակումների կարևորությունը: Ղազարյանը նաև արձանագրեց Արևելագիտության ինստիտուտի Քրդագիտության բաժնի բազամյա գործունեության ձեռբերումները, որտեղ աշխատում էին ականավոր քուրդ գիտնականներ ակադեմիկոս Շաքրո Մհոյանը, Հաջիե Ջնդին, Ամինե Ավդալը, Ջալիլե Ջալիլը և այլոք: Ղազարյանը ներկայացրեց նաև այժմ Ինստիտուտում իրականացող «Քրդական գործոնի աշխարհաքաղաքական կարևորությունը սիրիական ճգնաժամում» թեմատիկ ծրագիրը, որի շրջանակում նախաձեռնվել էր հանդիպում- քննարկումը
Հանդիպմանը հրավիրված էր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, ով խոսեց հայ-քրդական մշակութային աղերսների մասին՝ ներկայցնելով նաև այս ուղղությամբ ինստիտուտի աշխատակիցների կողմից տարվող աշխատանքները: Ասատրյանը նաև ներկայացրեց հայկական մշակմամբ քրդական ազգային երգի մի փոքր հատված:
Այնուհետև ելույթ ունեցավ նախարար Մոհամմեդ Սաիդ Ալին։ Ելույթը նվիրված էր Իրաքի Քրդստանի սոցիալական, քաղաքական և մշակութային, այդ թվում համակեցության խնդիրներին։ Նախարարը մասնավորապես խոսեց հայ և քուրդ ժողովուրդների պատմական ընդհանրությունների, իրողությունների և բարեկամության մասին՝ նշելով, որ մեր ժողովուրդները պատմության ընթացքում բախվել են բազմաթիվ դժվարությունների, սակայն կարողացել են հաղթահարել դրանք և առաջ շարժվել։ «Այն ժողովուրդները, որոնք բազմադարյա պատմություն ունեն, անցել են մեծաթիվ տառապանքների միջով, երջանիկ են այն ժողովուրդները, որոնք կարճ պատմություն ունեն», - ընդգծեց քուրդ նախարարը։
Հանդիպումն ամփոփեց Էրբիլում Գլխավոր Հյուպատոս Արշակ Մանուկյանը՝ անդրադառնալով Իրաքի Քրդստանում հայ ազգաբնակչության ներկա վիճակին: Հյուպատոսը ներկայացրեց հայ համայնքի համար Քրդստանի տարածաշրջանային կառավարության կողմից իրականացվող միջոցառումները՝ հայկական գյուղերի (Զախո, Հավրեզք, Ավզրուք) ենթակառուցվածքների բարելավում, վերաբնակեցում, եկեղեցաշինություն և այլն։
Բանախոսները փաստեցին նման ճանաչողական հանդիպումների կարևորությունը՝ միջգիտական կապերի ամրապնդման գործում։ Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց երկկողմ գիտական կապերի ընդլայնման ուղղությամբ։ Հատկապես կարևորվեց Արևելագիտության ինստիտուտի և Իրաքի Քրդստանի տարբեր գիտակրթական հաստատությունների միջև փոխգործակցության հնարավորությունները։
Հանդիպման ավարտին Արևելագիտության և Արվեստի տնօրենները նախարար Մոհամմեդ Սաիդ Ալիին նվիրեցին հայ և քուրդ գիտաշխաշխատողների հեղինակած արժեքավոր աշխատություններ։
Նախարարն էլ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային նվիրեց Իրաքի Քրդստանի խորհրդանիշներից մեկը՝ Էրբիլի միջնաբերդը պատկերող ձեռագործ մանրագորգ։

. title=
Copyright © 2008-2023; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)