ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրեն
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
18.05.2017
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆ
ՊԱՎԼԻԿ ՉՈԲԱՆՅԱՆԸ


Ս. թ. մայիսի 18-ին 69 տարեկան հասակում վախճանվել է անվանի պատմաբան ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի «Արևելյան աղբյուրագիտության և պատմագրության» բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ «Բանբեր հայագիտության» միջազգային հանդեսի գլխավոր խմբագիր, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ավագ գիտնական-վերլուծաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավլիկ Աշոտի Չոբանյանը:
Պավլիկ (Պավել) Չոբանյանը ծնվել է 1948 թ. մարտի 15-ին Ադրբեջանի ԽՍՀ Խանլար քաղաքում (հայրենի գյուղը` պատմական Փիփ-Զագլիկ): Կրթությունը ստացել է տեղի հայկական միջնակարգ թիվ 2 դպրոցում, այնուհետև 1973 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1974-1976 թթ. կովկասագիտություն-վրացագիտություն մասնագիտացմամբ ուսանել է ՀԽՍՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում` ուսումնառությունը իրականացնելով Վրաց. ԽՍՀ ԳԱ Ձեռագրերի ինստիտուտում` ակադեմիկոս Ե. Պ. Մետրևելու ղեկավարությամբ:
Թեկնածուական ատենախոսությունը Պավել Չոբանյանը պաշտպանել է 1982 թ. («Հայերը Մերձավոր Արևելքում ըստ վրաց ուղեգրությունների»), իսկ դոկտորականը` 2006 թ. («Հայ-ռուս-վրացական հարաբերությունները ԺԸ դարի երկրորդ կեսին»):
Պրոֆ. Չոբանյանը գիտական գործունեությունը սկսել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում, անցնելով ճանապարհ կրտսեր գիտաշխատողից` մինչև փոխտնօրեն: 1977-1985 թթ. նա եղել է այդ ինստիտուտի Կովկասագիտության և բյուզանդագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող, 1995-1996 թթ.` «Քրիստոնյա Արևելք» բաժնի վարիչ: Տասը տարուց ավելի` 2002 թ. մինչև 2013 թ., նա պաշտոնավարել է որպես Արևելագիտության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն:
1985-1995 թթ. Պ. Չոբանյանը աշխատել է նաև ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող: Նա երկար տարիներ եղել է մի շարք գիտական և խմբագրական խորհուրդների անդամ, 1999-2003 թթ. զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ Պատմա-բանասիրական հանդեսի խմբագրի տեղակալի պաշտոնը:
2007 թ. որպես ավագ գիտնական-վերլուծաբան Պ. Չոբանյանը աշխատել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում (ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան):
Վաստակաշատ գիտնականը հեղինակել է 150-ից ավելի գիտական հրապարակումներ, երկու տասնյակ գիտական աշխատությունների խմբագիր է: Նրա գիտական հետազոտությունները նվիրված են հայոց պատմության, հայ-վրացական, հայ-ռուսական հարաբերությունների, վրացական ուղեգրությունների ուսումնասիրությանը:
Նրա գրչին են պատկանում «Վրացական ուղեգրությունները և նրանց տեղեկությունները հայերի մասին» և «Հայ-ռուս-վրացական հարաբերությունները ԺԸ դարի երկրորդ կեսին» հիմնարար մենագրությունները: Նա թարգմանաբար հրատարակել է Ա. Շանիձեի «Հին վրացերեն լեզվի քերականություն» աշխատությունը (Հ. Մարգարյանի հետ համատեղ): 1990 թ. լույս է տեսել Պ. Չոբանյանի մասնակցությամբ կազմված «Հայ-ռուսական հարաբերությունները XVIII դարի երկրորդ կեսին (1760-1800 թթ.)» փաստաթղթերի ժողովածուն, 1999 թ. նրա առաջաբանով և աշխատասիրությամբ վերահրատարակվել են Մակար Բարխուդարյանցի «Աղվանից երկիր և դրացիք» ու «Արցախ» տեղագրական աշխատությունները:
Հմուտ պատմաբան-միջնադարագետը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կողմից հրատարակվող «Հայաստանի հարակից երկրների պատմություն» քառահատորյակի հեղինակներից և խմբագրական խորհրդի անդամներից էր: Նա եղել է նաև այդ հրատարակության երկրորդ հատորի պատասխանատու խմբագիրը: «Հայոց պատմություն» և «Հայաստանի հարակից երկրների պատմություն» դպրոցական դասագրքերում հեղինակել է ուշ միջնադարյան Հայաստանի և Արևելյան Այսրկովկասի պատմության շարադրանքները:
Պրոֆ. Պ. Չոբանյանը վարել է նաև բեղմնավոր գիտա-մանկավարժական աշխատանք: Նա ընդհանուր ու մասնագիտական դասընթացներ է վարել Դավիթ Անհաղթ համալսարանում, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում (1995-2008 թթ.), Երևանի պետական համալսարանում, Մխիթարյան միաբանության Երևանի վարժարանում: Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են մեկ տասնյակ թեկնածուական ատենախոսություններ, եղել է բազմաթիվ թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների ընդդիմախոս:
Պ. Չոբանյանը ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում գործող 056 «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի անդամ էր, եղել է նշված մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար:
Հեղինակավոր հետազոտողը արտասահմանյան մի շարք երկրներում մասնակցել է միջազգային բազմաթիվ գիտաժողովների, զեկուցումներով հանդես է եկել Արևելագետների 35-րդ (Բուդապեշտ) և 37-րդ (Մոսկվա) համաշխարհային կոնգրեսներում:
Պ. Չոբանյանն իր ներդրումն է ունեցել նաև ՀՀ հասարակական կյանքում, եղել է ՀՀ Նախագահին առընթեր Ներման հանձնաժողովի անդամ:
Պ. Չոբանյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով (2010), ՌԴ «150 лет со дня рождения К. Мечиева» (2010), «20 лет провозглашения Нагорно-Карабахской Республики» (2011) հուշամեդալներով:


ՀՀ ԳԱԱ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

. title=
Copyright © 2008-2017; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)